Նկատում ենք Երեւանի եւ Բաքվի միջեւ բարձր մակարդակով երկխոսության կանոնավոր բնույթ. Լայչակ
Ձգձգվող հակամարտության կարգավորումը բարդ խնդիր է, որը տարածաշրջանային համատեքստում կայունություն, ակտիվ երկխոսություն եւ հասարակությունների առաջ ընթանալու պատրաստակամություն է պահանջում։ Այս մասին ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը Trend-ի հարցազրույցում։
«Վերջին ժամանակներս մենք առաջընթացի նշաններ ենք տեսնում, եւ զգուշավոր լավատեսություն ենք ցուցաբերում այս առիթով։ Շփման գծի եւ պետական սահմանների երկայնքով զոհերի թիվը նվազել է։ Մենք նկատում ենք Երեւանի եւ Բաքվի միջեւ բարձր մակարդակով երկխոսության կանոնավոր բնույթ։ Եվ այդ իրադարձությունների արդյունքը նպաստում է ԵԱՀԿ տարածքում կայունության ամրապնդմանը»,- ասել է Լայչակը։ Նախարարը նշել է, որ ԵԱՀԿ-ում Սլովակիայի նախագահությունը հավատարիմ է հակամարտության խաղաղ եւ կայուն կարգավորմանը բանակցությունների միջոցով։ «Ես վերանշանակել եմ դեսպան Անջեյ Կասպրշիկին իմ անձնական ներկայացուցիչ հակամարտության գծով, որի լուծմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Մենք հավատում ենք Մինսկի գործընթացին եւ կապահովենք հաջողությանն անհրաժեշտ աջակցություն։ Ես սերտ կապի մեջ եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ եւ դրական եմ գնահատել վերջերս Փարիզում Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը։ Երկու կողմերի ըմբռնումը, որ բնակչությանը խաղաղության պատրաստելու համար անհրաժեշտ են կոնկրետ միջոցներ, պետք է արժանանա մեր աջակցությանը»,- ասել է Լայչակը։
Նախարարի խոսքով՝ ավելի լայն իմաստով ԵԱՀԿ-ն հարթակ է տրամադրում երկխոսության, համագործակցության եւ միջնորդության համար, եւ դրանում կարող է օգնել կենտրոնանալ մարդասիրական պահանջմունքների հետ կապված հարցերի վրա։ «ԵԱՀԿ-ում սլովակյան նախագահության առաջնահերթություններից մեկը կանխումը, կարգավորումը եւ միջնորդությունն է հակամարտությունում եւ դրա հումանիտար հետեւանքների մեղմումը, որտեղ դա հնարավոր է։ Ինչպես եւ Ուկրաինա, Մոլդովա եւ Վրաստան կատարած իմ այցերի ժամանակ, ես ձգտում եմ, որպեսզի տուժած մարդիկ մնան միջազգային հանրության ուշադրության կենտրոնում»,- ասել է Լայչակը։