ՀՀ ԱԺ նախագահի «հագեցած» մշակութային այցը Մոսկվա
Այսօր Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի` Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով աշխատանքային եռօրյա այցով Մոսկվա է ժամանել Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը: Միրզոյանի ղեկավարած պատվիրակության կազմում են նաեւ Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը եւ «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։
Փետրվարի 27-ին նախատեսված է Միրզոյանի ելույթը Դաշնության խորհրդում։ Լինելու են նաև մշակութային միջոցառումներ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության խորհրդի ղեկավարն ընդունելություն է կազմակերպելու ի պատիվ Հայաստանի Ազգային ժողովի խոսնակի։
Ըստ մոսկովյան սրճարաններում շրջանառվող լուրերի, ռուսական կողմը նախատեսել էր հայաստանյան պատվիրակության այցը Մեծ թատրոն եւ Պուշկինի անվ. Մոսկվայի դրամատիկական թատրոն: Սակայն Ռուսաստանի Դաշնային խորհրդում տեսնելով օդանավից հրապարակված ՀՀ պատվիրակության լուսանկարը, որում պատվիրակության անդամները նման են ոչ թե արտերկիր աշխատանքային այց կատարող պաշտոնյաների, այլ առաջին անգամ էքսկուրսիա գնացող երեխաների, որոշել են փոխել միջոցառումների շրջանակը: Ըստ նույն աղբյուրների ՀՀ պատվիրակությանը տանելու են Օբրազցովի անվան տիկնիկային թատրոն, «Ալիսա. Վերադարձ հրաշքների աշխարհ» զվարճանքների այգի, «Յունոստ» (Պատանեկություն) մանկական կինոթատրոն:
Բացառված չէ, որ մեր պատվիրակությանը նմանատիպ այլ վայրեր էլ կուղեկցեն մշակութային միջոցառումների շրջանակներում, բայց այդ մասին մոսկովյան աղբյուրները դեռ լռում են:
Աննա Բաղդասարյան
Top-News.am