Ռուսաստանում կոսմոդրոմի կառուցումը կվստահվի ադրբեջանցի միլիարդատիրոջ ընկերությանը
2011 թվականից կառուցվող ռուսական «Վոստոչնի» («Արևելյան») տիեզերական արձակման կայանի կառուցման հաջորդ փուլը կվստահվի Crocus Group ընկերությանը, որը պատկանում է Ռուսաստանում բնակվող ադրբեջանցի մեծահարուստ գործարար Արազ Աղալարովին, քանի որ միայն նրա ընկերությունը երկրի արևելյան տարածքներում նման խոշոր շինարարություն անելու փորձ ունի։ Այս մասին հայտնի է դարձել ռուսական լրատվամիջոցներին։
Ընկերությունից այս տեղեկությունները չեն մեկնաբանել, սակայն «Ռոսկոսմոս» պետական կազմակերպության աղբյուրը հաստատել է, որ Աղալարովի ընկերության հետ բանակցություններ են տարվում։
Տիեզերական արձակման այս կայանի կառուցման մասին որոշումը Ռուսաստանի նախագահը կայացրել է դեռ 2007 թվականին, բայց շինարարության մեկնարկից հետո դրա աշխատանքները բազմիցս չեն տեղավորվել ժամկետներում, եղել են չարաշահումներ, քրեական գործեր, աշխատողների ցույցեր, ձերբակալություններ և այլն։ 2014 թվականին ամփոփված տվյալներով՝ այդ շինարարության ժամանակ արձանագրվել է օրենքի խախտման 17 հազար դեպք, պատասխանատվության է ենթարկվել մոտ 1000 մարդ։
Հիմա ադրբեջանցի միլիարդատիրոջ ընկերությունը ձեռնամուխ է լինելու այդ շինարարության ավարտական փուլի աշխատանքները կատարելուն, ինչի համար ստանալու է մոտ 40 միլիարդ ռուբլի (մոտ 610 միլիոն դոլար այսօրվա փոխարժեքով)։
Ավելացնենք, որ Աղալարովն ու նրա որդին կապված են նաև ԱՄՆ գործող նախագահի ու նրա նկատմամբ մեղադրանքների հետ։ 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրությունների ընթացքում ՌԴ միջամտության հարցը հետաքննող դատախազ Ռոբերտ Մյուլլերը ցանկանում է գործի շրջանակում հարցաքննել ադրբեջանցի օլիգարխ Արազ Աղալարովի որդուն՝ Ադրբեջանում հայտնի փոփ երգիչ Էմին Աղալարովին:
Հայտնի է, որ Աղալարովի որդին կապեր է ունեցել ԱՄՆ նախագահի հետ և 2016 թվականին Trump Tower-ում աջակցել է Թրամփի ավագ որդու և ՌԴ ներկայացուցչի հանդիպմանը:
Աղալարով ավագը դեռ խորհրդային տարիներին Ադրբեջանից տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ ավելի ուշ հիմնել է անշարժ գույքի բիզնես։ Նրա որդին 1990-ականներին ապրել ու կրթություն է ստացել ԱՄՆ-ում, ապա վերադարձել է Ռուսաստան, երգչի կարիերա է սկսել, ամուսնացել է Իլհամ Ալիևի դստեր՝ Լեյլա Ալիևայի հետ, ավելի ուշ հեռացել է նրանից։
Լուսանկարում՝ կենտրոնում Արազ Աղալարովն է, աջից՝ նրա որդին՝ Էմին Աղալարովը։