Գուաիդոն ստորագրել է «նախագահական» առաջին հրամանը
Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն երեկ թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել երկիր հումանիտար օգնության մուտքը թույլատրելու մասին իր առաջին «նախագահական» հրամանի մասին:
«Որպես Բոլիվարյան պետության զինված ուժերի ղեկավար՝ հերթական անգամ հաստատում եմ Վենեսուելա հումանիտար օգնության մուտքի թույլտվությունը և հրամայում եմ գործել սույն թույլտվությանը համաձայն»- ասված է սոցկայքում տեղադրված փաստաթղթում:
Ավելի վաղ երկրի ընդդիմադիր խորհրդարանը հավանություն էր տվել երկրի տարածք հումանիտար օգնության մուտքին, որին դեմ է Վենեսուելայի օրինական նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը: Օգնության մատակարարումը նշանակված է փետրվարի 23-ին:
Հրամանում Գուաիդոն նաև չեղարկել է Մադուրոյի՝ «եղբայր Բրազիլիայի» հետ ցամաքային սահմանը փակելու հրամանը, և հաստատել, որ Արուբայի, Բոնեյր կղզու և Կյուրասաոյի հետ հարաբերություններն անփոփոխ են, ինչպես նաև երաշխավորել է այն զինծառայողների անվտանգությունը, որոնք իր կողմը կանցնեն:
Ավելի վաղ Մադուրոն հայտարարել էր Բրազիլիայի Դաշնային Հանրապետության և այն կղզիների հետ սահմանը փակելու մասին, որոնց տարածքով Գուաիդոն մտադիր է ստանալ հումանիտար օգնությունը, ինչպես նաև հայտարարել էր Կոլումբիայի հետ սահմանը փակելու հնարավորության մասին:
Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունվարի 23-ից բողոքի զանգվածային ցույցեր են ընթացել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Քաղաքական լարված իրավիճակի ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի առաջնորդ Խուան Գուաիդոն իրեն նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է հռչակել: ԱՄՆ-ն և մի շարք երկրներ ճանաչել են վերջինիս իշխանությունը, մինչդեռ Ռուսաստանը, Չինաստանը և այլ պետություններ աջակցում են Մադուրոյին: