Եգիպտոսի իշխանությունները բետոնե պատ են կառուցելու Շարմ էլ Շեյխի շուրջը (տեսանյութ)
Եգիպտոսի իշխանությունները սկսել են առողջարանային Շարմ էլ Շեյխ քաղաքի շուրջը վեց մետր բարձրությամբ բետոնե ցանկապատի կառուցման աշխատանքները, հաղորդում է The Guardian-ը՝ ընդգծելով, որ չնայած արված լուսանկարներին ու տեսագրությանը, Հարավային Սինայի նահանգապետը շարունակում է հերքել շինարարությունը սկսելու փաստը:
«Դա պատ չէ: Մեզ մոտ պատ չկա», - նշել է Հարավային Սինայի նահանգապետը՝ հավելելով, որ նախագիծը ենթադրում է բետոնե բարձր պատնեշների կառուցում՝ համադրած փշալարերից պատրաստված առնվազն 37 կմ երկարությամբ ցանկապատով: Նրա խոսքով՝ այս ցանկապատը կունենա չորս շատ գեղեցիկ մուտք քաղաքի ելումուտն ապահովելու համար:
Նախանգապետի հավաստմամբ՝ այս նախագիծը ստեղծվել է «Շարմ էլ Շեյխը գեղեցկացնելու և անվտանգ դարձնելու համար»: «Մենք դա անում ենք ապագայի համար: Նախագիծը կօգնի Շարմ էլ Շեյխին հետ բերել տուրիզմից ստացվող եկամուտը», - ընդգծել է նա:
Միևնույն ժամանակ քաղաքում գործող հյուրանոցներից մեկի ներկայացուցիչը հայտնել է, որ «ոչ մեկը չի հասկանում, թե ինչ է տեղի ունենում»: Առողջարանային քաղաքի բնակիչներից մեկի խոսքով՝ անցակետերն ու տեսախցիկներն արդեն շրջապատել են քաղաքը, որպեսզի ապահովեն անվտանգությունը: «Մեզ համար դա ծիծաղելի է: Տարածքի գեղեցկությունը քողարկված է ցանկապատով: Շարմ էլ Շեյխը հայտնի է իր լեռներով ու անապատներով, իսկ ցանկապատը փչացնում է այդ տեսարանը», - նշել է նա:
Տեղի բնակիչները վստահ են, որ պատի կառուցումն ավելի անվտանգ չի դարձնի քաղաքը և չի կանգնեցնի ահաբեկիչներին, սակայն կզայրացնի մարդկանց: «Քաղաքից դուրս եկող ցանկացած զբոսաշրջիկ կկարծի, որ վտանգի մեջ է, և սա կազդի հանգստացողների թվի վրա», - ընգդծել է բնակիչը: