Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելն իրականացվել է միջազգային նորմերի խախտմամբ
Հունգարիայի կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելն իրականացվել է միջազգային նորմերի խախտմամբ։ Այս մասին փետրվարի 19-ի մամուլի ասուլիսում ասել է սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների շահերը ներկայացնող փաստաբան Նազելի Վարդանյանը։
Հիշեցնենք, որ այսօր լրանում է դաժան սպանության 15 տարին։ 2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Երիտասարդները մասնակցում էին անգլերենի դասընթացների ՆԱՏՕ ծրագրի շրջանակներում։
Ինչպես ընդգծել է Նազելի Վարդանյանը, ընդունող կողմը պետք է երաշխավորի, որ դատապարտյալը պատիժը կրելու է դատարանի վճռին համապատասխան։ «Նրան անգամ ներում չեն շնորհել, այլ արդարացրել են՝ վճարել 8 տարվա աշխատավարձը, բնակարան նվիրել եւ բարձրացրել կոչումը»,- նշել է փաստաբանը՝ հավելելով, որ միաժամանակ խախտվել է հենց Ադրբեջանի օրենսդրությունը. ցմահ ազատազրկվածի ներումը կարող է փոխարինվել 20 տարվա ազատազրկմամբ, բայց ոչ երբեք անհապաղ ազատ արձակմամբ։
«Այս ամենն անդրադարձել է նաեւ Ադրբեջաի միջազգային իմիջի վրա»,- ասել է փաստաբանը։
«Ադրբեջանը կրում է կատարվածի պատասխանատվությունը։ Դատավարության վրա ազդելու փորձերը, դատաքննության կայացումը, արդարացումը՝ սա նշանակում է, որ ադրբեջանական կողմը պատասխանատվություն է կրում Սաֆարովի արարքների համար»,- ընդգծել է Վարդանյանը։