«Մահապարտ» ԱԹՍ-ներ արտադրող իսրայելական Aeronautics-ը 13 մլն դոլարի պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ
Արտահանման արտոնագրերի վերականգնումից երկու շաբաթ անց իսրայելական Aeronautics ընկերությունը հայտարարել է, որ մրցույթ հաղթելու արդյունքում բազմամիլիոնանոց պայմանագիր է կնքել Ադրբեջանի հետ:
Ինչպես հայտնում է The Jerusalem Post-ը, երկամյա ժամկետով պայմանագրի արժեքը 13 մլն դոլար է: Այն ենթադրում է նախկինում առանցքային պատվիրատուին (Ադրբեջան) վաճառված Orbiter 1K անօդաչու թռչող սարքերի տեխնիկական սպասարկում:
Աղբյուրը մանրամասնում է, որ Orbiter 1K «մահապարտ» ԱԹՍ-ն կարող է 1-2 կգ քաշով պայթուցիկ տանել և մինչև երեք ժամ օդում մնալ: Բազմասենսորային տեսախցիկով համալրված սարքն արձակվում է կատապուլտով, ինչից հետո այն սկանավորում է տարածքը, գտնում, վերացնում շարժվող ու անշարժ թիրախը: Այն դեպքում, եթե սարքը թիրախը չի գտնում, այն վերադառնում է ռազմակայան:
Ավելի վաղ tert.am-ը հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության նախարարությունը չեղարկել է նախկինում սահմանված արգելքն ու իսրայելական Aeronautics ընկերությանը թույլ տվել Ադրբեջանին վաճառել հայկական կողմի դեմ կիրառված «մահապարտ» անօդաչու թռչող սարքերը: Երկրի պաշտպանության նախարարությունը 2017 թվականին Aeronautics Defense Systems Ltd.-ին կասկածել էր իր «մահապարտ» անօդաչուներից մեկը փորձարկելու ժամանակ այն ընդդեմ հայկական զինուժի կիրառելու համար: Դա դիտարկվել էր որպես Իսրայելում գործող օրենքի խախտում, ինչի հետևանքով ընկերությանն արգելվել էր անօդաչուներն ադրբեջանական կողմին վաճառել:
ԽոսքՆ Orbiter 1K «մահապարտ» անօդաչուի մասին է, որն ադրբեջանական կողմի ներկայացուցիչների առջև ցուցադրական թռիչքի ժամանակ Ադրբեջանի պահանջով որպես հարձակման թիրախ էր ընտրել հայկական ուժերը:
Դեպքը տեղի էր ունեցել 2017 թ. ամռանը:
Արդյունքում Իսրայելի պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ թույլ չեն տա Aeronautics-ին անօդաչուները տրամադրել «գլխավոր A պատվիրատուին»՝ Բաքվին:
Բացի այդ, դեպքի առնչությամբ հետաքննություն էր սկսվել:
Սակայն փետրվարի 4-ին Aeronautics-ը Թել Ավիվի բորսային տեղեկացրել էր, որ Orbiter 1K «մահապարտ» անօդաչուները Բաքվին վաճառելու արգելքն այլևս չի գործում:
Պարբերականը գրում է, որ Ադրբեջանն Իսրայելին անմշակ նավթ մատակարարող խոշորագույն երկիրն է: Բացի այդ, այն իսրայելական սպառազինություն գլխավոր գնորդներից է: Նշվում է, որ միայն 2017թ. Բաքուն Իսրայելից 137 մլն դոլարի զենք է գնել: