Փակում են հինգ հազարանոց Աչաջուր գյուղի հիվանդանոցը
Տավուշի մարզի Աչաջուր գյուղում, մարզկենտրոն Իջեւանում գնալով տարածում է գտնում այն լուրը, որ շուտով հինգ հազար բնակիչ ունեցող գյուղի հիվանդանոցի ծննդատան եւ բուժական բաժինները փակվելու են:
Պարզ է, թե ինչ է սպասվում այս մեծ եւ եռուն գյուղին, եթե մնա առանց ծննդատան եւ առանց բուժական բաժնի, իսկ ավելի կոնկրետ՝ առանց հիվանդանոց:
Ի դեպ, Աչաջրի հիվանդանոցից օգտվում են նաեւ հարեւան գյուղի բնակիչները, որոնք հիացած են բժիշկ Կորյուն Վարդապետյանի աշխատանքով, սրտացավությամբ եւ բարձր գիտելիքներով:
Ի դեպ, Աչաջրի ծննդատանը տարեկան հարյուրից ավելի երեխա է լույս աշխարհ գալիս: Հիմա աչաջրեցիները սպասում են, որ պաշտոնապես կհերքվեն այս լուրերը, բայց լուրերը չեն հերքվում:
Ոմանք որոշել են խնայողություն անել Տավուշի մարզի Աչաջրի հիվանդանոցի հաշվին, ոմանք որոշել են, որ աչաջրեցիները, հարեւան գյուղերի բնակիչները պետք է հասնեն Իջեւան, իրենց խնդիրները լուծելու համար:
Հիմա աչաջրեցիները պատրաստվում են բողոքի տարբեր գործողություններ իրականացնել, փորձելով կանխել հիվանդանոցի փակումը: Հիվանդանոցի, քանի որ առանց բուժական բաժնի հիվանդանոցը վերածվելու է հասարակ բուժկետի:
Աչաջրեցիները նշում են, որ այնպիսի տպավորություն է կարծես նոր իշխանությունները խնդիր են դրել դատարկել գյուղը, հիասթափեցնելով բնակչությանը:
Աննա Բաղդասարյան
Top-News.am