Զանգվածային ծեծկռտուք Մոսկվայում. չեչենները հարձակվել են ադրբեջանցու պատկանող ժամանցի օբյեկտի վրա
Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող ժամանցի օբյեկտներից մեկում երեկ ուշ երեկոյան զանգվածային ծեծկռտուք և հրաձգություն է տեղի ունեցել չեչենական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների միջև, գրում է minval.az կայքը:
Հայտնի է, որ ժամանցի օբյեկտը պատկանում է ադրբեջանցի Յաշար Ալիևին:
Դեպքի ականատեսներից Նասիմի Մամեդալիևը նշել է, որ ռեստորանին հասցվել է լուրջ նյութական վնաս: Նրա խոսքով՝ չեչենների մոտ 100 հոգանոց խումբը ժամանել է օբյեկտ և, խնդրելով իգական սեռի ներկայացուցիչներին դուրս գալ տարածքից, զանգվածային հարձակում սկսել, ընդ որում՝ հրազենի կիրառմամբ:
Ինչպես հաղորդում է news.rambler.ru-ն, Մոսկվայի ոստիկանությունը հերքել է լուրը, թե կոնֆլիկտին մասնակցել է մոտ 100 մարդ: Ըստ իրավապահ մարմինների՝ դրան մասնակցել է 20 մարդ, որոնցից 18-ը տարվել են ոստիկանական բաժանմունք:
Հաղորդվում է, որ Յաշար Ալիևն «իր տղաների» հետ ծեծի էր ենթարկել չեչենական համայնքի ներկայացուցիչներից մեկին: Այժմ ենթադրվում է, որ չեչենական համայնքի նման գործողությունները վրեժխնդրություն են այդ միջադեպի համար:
Նշվում է, որ չեչենները հասցրել էին տանել իրենց հետ անվտանգության տեսախցիկների ձայնագրությունները: