«Կարող եմ միայն առաջարկել «Առաջին ալիք»-ին երկուսին էլ ուղարկել հաղորդման, որտեղ ստի դետեկտոր կա». Վասերմանը՝ Դրուզին և Բերին «Առաջին ալիք»-ից հեռացնելու մասին
Ինտելեկտուալ շոուների մասնակից Անատոլի Վասերմանը մեկնաբանել է ռուսական «Առաջին ալիք»-ի՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղի գիտակ Ալեքսանդր Դրուզին և «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հաղորդման խմբագիր Իլյա Բերին հեռուստանախագծերից հեռացնելու որոշումը:
Ինչպես հայտնում է RT հեռուստաալիքը, Վասերմանի կարծիքով՝ «Առաջին ալիք»-ի որոշումը հարկադրված է, քանի որ հստակ հայտնի չէ, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Դրուզը, ամեն դեպքում, որոշակի կանոններ խախտել է, քանի որ անձամբ է խոստովանել, որ որոշ հարցերի պատասխաններ իրեն փոխանցվել են:
«Կարող եմ միայն առաջարկել «Առաջին ալիք»-ին երկուսին էլ ուղարկել հաղորդման, որտեղ ստի դետեկտոր կա և կարելի է արագ ու որոշակի հույսով հստակ պարզել, թե ինչ է իրականում տեղի ունեցել», - նշել է Վասերմանը:
Հիշեցնենք, որ օրերս «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» հայտնի հեռուստահաղորդման ռուսական տարբերակի գլխավոր խմբագիր Իլյա Բերը մեղադրել էր Դրուզին խարդախության ու խաղը «գնելու» փորձի համար: Նրա խոսքով՝ 2018 թվականի նոյեմբերին Դրուզը, մասնակցելով հաղորդմանը, նկարահանումներից առաջ առաջարկել է հեռուստածրագրի գլխավոր խմբագրին բացահայտել հարցերի ցուցակն ու դրանց պատասխանները՝ փոխարենը խոստանալով 3 մլն ռուբլի շահումի մի մասը:
Դրուզը, պատասխանելով իր դեմ մեղադրանքներին, նշել է, որ անազնիվ խաղի նրան դրդել է հենց Բերը: Դրուզի խոսքով՝ նա էլ որոշել է տեսնել, թե «որքան հեռու կգնա այդ մարդը»:
Գիտակը պնդում է, որ ինքն իրավիճակի մասին պատմել է իր հետ խաղին մասնակցող մյուս գիտակին՝ Վիկտոր Սիդնևին, որի հետ նրանք որոշել են հասցնել խաղը մինչև վերջին հարց, դիտավորյալ սխալ պատասխանել դրան, իսկ նկարահանումներից հետո բողոք ներկայացնել Բերի դեմ հաղորդման ղեկավարությանը: