Ի՞նչ է 630 գործազուրկ ալավերդցին «նոր» Հայաստանում
Հայաստանի երբեմնի արդյունաբերական քաղաքում իրավիճակն այն աստիճանի է հասել, որ քաղաքի ավագանին ուղերձ է հղել ՀՀ կառավարությանը եւ նախագահ Արմեն Սարգսյանին՝ խնդրելով կասեցնել արտագաղթի այն ալիքը, որը կարող է սկսվել Ալավերդու պղնձաձուլարանի փակման հետեւանքով։
Ավելի քան երեք ամիս է պղնձաձուլարանը չի աշխատում, ինչի հետեւանքով ավելի քան վեց հարյուր հոգի մնացել են անգործ: Չմոռանանք, որ այդ վեցհարյուր հոգին առնվազն վեց հարյուր ընտանիք են պահում: Պարզ է, որ քաղաքը կաթվածահար վիճակում է, պարզ է, որ ավելի քան երեք հազար մարդ մնացել են առանց եկամտի:
ՎՏԲ բանկը, ձեռնարկության սեփականատերը եւ ՀՀ կառավարությունը, կարծես թե, չեն շտապում վերջնական որոշում կայացնել: Այնպիսի տպավորություն է, որ նրանց չի հետաքրքրում հարյուրավոր ալավերդցիների ճակատագիրը, ներկա վիճակը: Եւ հարց է առաջանում՝ ի՞նչ է գործազուրկ մարդը «նոր» Հայաստանի իշխանությունների համար:
Տարօրինակ է, որ այս խնդրի մասին չի բարձրաձայնում, կառավարության դռները չի ջարդում Լոռու մարզպետը: Այնպիսի տպավորություն է, որ որեւէ մեկին այս իշխանությունում չի հետաքրքրում այդ մարդկանց ճակատագիրը:
Իհարկե, չի կարելի աղտոտել շրջակա միջավայրը, իհարկե չի կարելի թունավորել մարդկանց, բայց այդ նույն մարդկանց գործազուրկ դարձնելուց առաջ կամ նրանց պետք է այլընտրանքային եւ գոնե նույն վարձատրությամբ աշխատանք առաջարկվեր կամ արդիականացնել գործարանը, այն դարձնելով անվտանգ շրջակա միջավայրի եւ քաղաքի բնակիչների համար:
Ամենահեշտ լուծումը փակելն է, կրճատելը, քանդելը, բայց սրա հետեւանքները շատ ծանր են լինում: Եւ եթե առաջիկայում խնդրին լուծում չտրվի, ապա ամենամոտ ապագայում 2,5-3 հազար մարդ լքելու է Հայաստանը, լքելու է Լոռին, լքելու է Ալավերդին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին «Վալլեքս խմբի մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանը դադարեցրեց իր աշխատանքը: Այն գրավադրվել էր «Վալլեքս խմբի» կողմից«ՎՏԲ Հայաստան» բանկում։ «ՎՏԲ-Հայաստան բանկը» հայտնել էր, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ-Հայաստան բանկի» սեփականությունն է:
Վարդան Մխիթարյան
Top-News.am