Զարուհի Մեջլումյանը հրաժարվում է հրապարակել Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի պատասխանը
Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի պատասխանը անհատական իրավական ակտ է, որը հրապարակման ենթակա չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի կինը, նաեւ փաստաբանն ու ներկայացուցիչը՝ Զարուհի Մեջլումյանը:
«Որեւէ մեկին Մհերը չի տվել լիազորություն, որ ես պատասխանեմ ներման խնդրագրի պատասխանը ինչ է, դա անհատական իրավական ակտ է, որը հրապարակման ենթակա չէ»,–ասաց նա։
Նշենք, որ Արդարադատության նախարարությունից տեղեկացրել էին, որ նախարարությունը օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Հանրապետության նախագահի աշխատակազմից ստացել է ներման խնդրագրերի մասին հրամանագրերը։
Ավելի վաղ մամուլում գրել էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացասական եզրակացություն է տվել ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագրին։ Դա չէր հերքել նաեւ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Հիշեցնենք, որ սպանված Իոսիֆ Աղաջանովի հարազատները դեմ են Մհեր Ենոքյանի ներմանը եւ այս ընթացքում մեծ աղմուկ են բարձրացրել՝ Նիկոլ Փաշինյանի որոշման վրա ազդելու համար։