«Իսկ դուք իմ կարգավիճակը տեսե՞լ եք». Մեգան Մարքլն անդադար ընդգծում է իր հատուկ կարգավիճակը (տեսանյութ)
Հղիները, անշուշտ, հպարտանում են իրենց առանձնահատուկ կարգավիճակով ու սիրում են ի ցույց դնել օրեցօր կլորիկացող փորիկը: Արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, այս հարցում բացառություն չէ:
Daily Mail-ի կարծիքով՝ թագավորական ընտանիքի 37-ամյա անդամը, որը պատրաստվում է ապրիլին մայրանալ, յուրաքանչյուր առիթ օգտագործում է հղիությունն ընդգծելու համար:
Նա մշտապես կիպ զգեստներ է կրում, իսկ ինչ-որ մեկի հետ զրուցելիս վերարկուն ձեռքերով անընդհատ հետ է տանում, որպեսզի որովայնը երևա:
«Նա հաճույք է ստանում հղիությունից ու լավ գիտի, որ մարդիկ ցանկանում են իր որովայնը տեսնել»,-նշել է ոճաբան Լուկաս Արմիթեյջը:
Մինչդեռ ժեստերի լեզվի մասնագետ Ջուդի Ջեյմսը, վերլուծելով դքսուհու պահվածքը, նկատել է, որ արքայազն Հարիի կինը, անընդհատ ցուցադրելով փորիկը, ենթագիտակցորեն փորձում է մարդկանց ուշադրությունն իրեն գամել:
Մասնագետն ընդգծել է, որ թագավորական ընտանիքի մյուս հարսը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, որը երեք երեխայի մայր է, ավելի զուսպ էր հղիությունն անընդհատ ի ցույց դնելու հարցում: