Եթե ՊԵԿ աշխատակիցների մոտ վարքագծի կանոններից շեղում եք նկատում, զանգեք մեր թեժ գիծ
ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կոմիտեի բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է անհատական հսկողություն սահմանել աշխատակիցների ու տնտեսվարող սուբյեկտների շփումների նկատմամբ, տնտեսվարող սուբյեկտների հետ շփումներում խստագույնս պահպանել ՀՀ օրենսդրությամբ վերջիններիս վերապահված իրավունքները եւ օրինական շահերը, իսկ հարկային կամ մաքսային ծառայողների վարքագծի կանոններից տարբերվող վարքի կամ կոռուպցիոն որեւէ դրսեւորման դեպքերում անհապաղ զեկուցել:
ՊԵԿ-ից հայտնում են, որ միաժամանակ հանձնարարվել է տնտեսվարող սուբյեկտների մոտ այցելություններն իրականացնել բացառապես ՀՀ օրենսդրությամբ եւ ներքին իրավական ակտերով սահմանված գործառույթների շրջանակում՝ բացառելով տնտեսվարող սուբյեկտների հետ չարտոնված շփումները, նրանց գործունեությանն անհարկի միջամտությունը եւ այնպիսի գործողությունները (հովանավորչություն, միջնորդություն, աջակցություն եւ այլն), որոնք կարող են վարկաբեկել հարկային եւ մաքսային ծառայությունը, հարկային եւ մաքսային ծառայողների կոչումն ու համբավը:
«Կոմիտեն խնդրում է քաղաքացիներին եւ տնտեսվարող սուբյեկտներին, պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների վարքագծի կանոններից շեղում նկատելու դեպքում, անմիջապես ահազանգել ՊԵԿ թեժ գիծ՝ 060-544-444 հեռախոսահամարով»,-ասված է հաղորդագրության մեջ: