Երբ մարտի 1-ի ողբերգությունը դառնում է շահարկման առարկա
Բազմիցս ասել, շեշտել ենք, որ 2008թ. մարտի 1-ի ողբերգական, արյունալի իրադարձությունները բոլորիս ամոթն ու ողբերգությունն է, եւ այդ էջը պետք է փակել, անցնել առաջ, ներողություն խնդրելով զոհերի հարազատներից, նրանց ընտանիքներին համարժեք փոխհատուցում հատկացնել, վիրավորներին օգնել եւ շարժվել առաջ:
Ցավոք, տեղի ունեցավ հակառակը: Մարտի 1-ի զոհերի ընտանիքները մատնված են անուշադրության, մնացել են մենակ իրենց ողբերգության հետ, փոխարենը մարտի 1-ը դարձել է շահարկման եւ ինչ-ինչ հարցեր լուծելու առիթ:
Չպոկվելով մարտի 1-ի ողբերգությունից, մենք չենք կարող առողջ հասարակություն ունենալ, մենք չենք կարող առաջ շարժվել, զարգանալ:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ներկայացվել է անհեթեթ մեղադրանք եւ նա կալանավորված է: Հանրության մի մասն այդպես էլ պատկերացում չունի, թե ինչ մեղադրանք է նրան առաջադրվել: Ոմանք էլ շարժվում են, առաջնորդվում են կույր ատելությամբ, չհասկանալով, որ այդ նույն ատելությունն իրենց պարտադրված է:
«Հինգերորդ ալիքը» մարտի մեկի ողբերգական դեպքերի եւ դրանց Ռոբերտ Քոչարյանի հնարավոր առնչության վերաբերյալ փաստավավերագրական ֆիլմ ներկայացրեց: Որեւէ լուրջ քննարկում կամ գրեթե ոչ մի լուրջ քննարկում: Փոխարենը ատելության նոր բռնկում: «Այդ ինչպես համարձակվեցիք մեր տեսակետից, կարծիքից տարբերվող տեսակետ ներկայացնել»,- բացականչում էին ոմանք եւ կոչ անում ֆիլմի հեղինակների վրա ֆեյսբուքյան հարձակում իրականացնել:
Իսկ հետո սկսեցին պահանջել, որ Հանրային հեռուստաալիքով ցուցադրեն իրենց նկարահանած ֆիլմը: «Պահանջում ենք ցուցադրել»,- գոռում էին նրանք, անգամ աղերսում, ստորագրություններ հավաքում, կարծես չգիտեին, որ այդ ֆիլմը տեղադրված է «Յութուբում», եւ ով ցանկանում է, կարող է դիտել, երբ ուզում է:
Իսկական հոգեխանգարմունք: Եւ կարծես ինչ որ մի ուժ շահագրգռված է, որ ժողովուրդը գլուխը խոթի մարտի մեկի ողբերգության մեջ եւ այնտեղից դուրս չգա: Կարծես ինչ որ մի ուժ շահագրգռված է, որ ժողովուրդը շարունակի խելագարված ամբոխ հիշեցնել:
Եւ որեւէ մեկը չէր ասում՝ սիրելիներ, ձեր ուզած ֆիլմը տեղադրված է համացանցում, եւ որքան ուզում եք՝ դիտեք: Որեւէ մի պաշտոնյա չկանգնեց եւ չասաց, որ այդ ֆիլմը պարզապես ավելացնելու է ատելությունը, քանի որ այն միակողմանի է եւ մյուս կողմի տեսակետը չի ներկայացվում ի տարբերություն «Հինգերորդ ալիքի» ցուցադրած փաստագրական ֆիլմից:
Եւ ամենահետաքրքիրն այն է, որ ֆիլմը ցուցադրվում է ճիշտ այն պահին, երբ Դավոսում Նիկոլ Փաշինյանը մեկ եւ կես ժամ փակ դռների հետեւում Արցախի հարցն է քննարկում Իլհամ Ալիեւի հետ:
Հենց սա է իսկական ողբերգությունը, երբ ժողովուրդն ապրում է անցյալով, ատելությամբ եւ թքած ունի ներկայի ամենակարեւոր իրադարձության վրա: Մի՞թե պատահական էր, որ այս աղմուկ-աղաղակը այս ֆիլմի վերաբերյալ հենց այս օրերին բռնկվեց կամ պատահակա՞ն էր, որ ֆիլմը հանրայինը ցուցադրեց հենց Փաշինյան-Ալիեւ հանդիպման օրը:
Իհարկե ողջունելի է, երբ բանակացություններ են ընթանում, երբ փորձ է արվում հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով, բայց անհասկանալի է այն ատելության մթնոլորտը, որ արհեստականորեն ստեղծվում եւ պահպանվում է երկրում, անհասկանալի են կալանավորումները, երբ երկիրը կարեւորագույն հարցով բանակցություններ է վարում, եւ վերջապես անհասկանալի է, թե ինչու է այդ ամենի մասին կծկտուր տեղեկատվություն տրամադրվում:
Իսկ ամբողխները խելագարված ապրում են ատելության մթնոլորտում եւ մնացել են 2008 թվականում ու չեն ուզում այնտեղից դուրս գալ:
Հակոբ Ասատրյան
Top-News.am