«Գազպրոմ Արմենիան» համաձայնել է գազը թանկ գնել, բայց սպառողի համար սակագինը չփոխել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկրի իշխանությունները պայմանավորվել են «Գազպրոմի» հետ՝ գազի ներքին սակագինը պահպանելու շուրջ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
«Գազպրոմը» գազը վաճառում է ոչ թե Հայաստանին, այլ «Գազպրոմ Արմենիային», ուստի մեր դերը միջնորդավորված է: Բայց մենք պայմանավորվել ենք «Գազպրոմ Արմենիայի» հետ, որ երկրի ներսում գազի գինը չի փոխվի»,-Դավոսի տնտեսական ֆորումի կուլիսներում նշել է Փաշինյանը:
«Երկրի ներսում գազի սակագինը չի փոխվի, եւ մենք կշարունակենք «Գազպրոմի» հետ մեր բանակցությունները, որպեսզի հասնենք վերջնական համաձայնության: Եվ մեզ համար շատ կարեւոր է համաձայնեցնել գազի երկարաժամկետ գինը: Հիմա ԵՏՄ շրջանակներում նույնպես քննարկումներ են ընթանում գազի ու էներգետիկայի ընդհանուր շուկաներ ստեղծելու շուրջ, հետեւաբար, մենք քննարկման շատ թեմաներ ունենք»,-ընդգծել է ՀՀ վարչապետը:
Դեկտեմբերի վերջին «Գազպրոմը» հայտնել էր, որ համաձայն «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊ ընկերության եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության միջեւ կնքված պայմանագրի լրացուցիչ համաձայնագրի, որով որոշվում է 2019 թվականին Հայաստանին մատակարարվող գազի գինը, ռուսական գազի գինը Վրաստանի եւ Հայաստանի սահմանին 2019 թվականի հունվարի 1-ից կլինի 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց:
Նշենք, որ 2018 թվականին Հայաստան մատակարարվող գազի գինը կազմում էր 150 դոլար 1000 խոր․ մետրի դիմաց։ «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊ ընկերության եւ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության միջեւ տարեկան 2,5 մլրդ խոր․ մետր ռուսական գազի մատակարարման մասին պայմանագիրը կգործի մինչեւ 2019 թվականի վերջը։
ՀՀ կառավարությունն էլ հայտարարել էր, որ մտադիր է պայմանավորվել «Գասպրոմ Արմենիայի» հետ գազի ներքին սակագինը անփոփոխ թողնելու շուրջ՝ պարզաբանելով, որ դա կարվի ընկերության ծախսերի կրճատման ու արդյունավետության բարձրացման հաշվին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am