Ջերմուկ համայնքի բնակիչները դեմ են նոր ՓՀԷԿ-ի կառուցմանը. «Գետն ամռանը չորացնում են»
Ջերմուկ համայնքի բնակիչները հունվարի 21-ի հանրային լսումներին բացասական կարծիք են տվել «Ջինջ Արփա Հիդրո» ՍՊԸ-ի «Ջերմուկհիդրո» ՓՀԷԿ-ի կառուցման հայտին, հաղորդում է «ԷկոԼուրը»:
Ջերմուկի համայնքապետի տեղակալ Սամվել Մարգարյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ ներկայում համայնքապետարանը կազմում է հանրային լսումների արձանագրություն՝ ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացնելու համար:
«Լսումներին ներկա էին խոշորացված համայնքի 35-36 բնակիչ, նրանց 70 տոկոսը դեմ արտահայտվեց ՀԷԿ-ի կառուցմանը: Բնակիչները չեն ուզում նոր ՀԷԿ: Դա կապված է արդեն իսկ կառուցված ՀԷԿ-երի վիճակի, դրանց բացասական ազդեցության հետ: Լսումների ամբողջ ընթացքը ձայնագրել ենք, հիմա նորից լսում ենք, քննարկում, որպեսզի տանք մեր վերջնական եզրակացությունը», - ասաց Սամվել Մարգարյանը:
Ներկայացնելով սեփական կարծիքը՝ համայնքապետի տեղակալը նշեց. «Ես դեմ չեմ, որ ՀԷԿ կառուցվի: Դա արտադրություն եւ աշխատատեղ է: Բայց ՀԷԿ-ը պետք է այնպես կառուցվի եւ այնպես աշխատի, որ բնությանը չվնասի, չբերի բասացական հետեւանքների: Մենք մեր աչքի առաջ ունենք արդեն կառուցված ՀԷԿ-երի օրինակները: Ամռանը մեր Արփա գետի վրայով առանց ոտքերը թրջելու անցնում ենք: Եթե նման ձեւով պետք է լինի, դեմ եմ»:
«Լսումներին մասնակից Ջերմուկի բնակիչները` բոլորը, դեմ են արտահայտվել: Այդ ընկերությունն Արփա գետի վրա արդեն ունի ՀԷԿ, եւ մենք տեսել ենք՝ ինչպես են աշխատում. գետի ամբողջ ջուրը վերցնում են: ՀԷԿ-երից որեւէ տնտեսական օգուտ չունենք, օգուտները միայն իրենք են ստանում: Բացի այդ, մենք տեսնում ենք, թե ինչ վիճակում է հայտնվել գետը ՀԷԿ-երի պատճառով: Արփան այլեւս առաջվա ջրառատ գետը չէ, փոքրիկ առու է դարձել», - ասաց լսումների մասնակից, ջերմուկցի Ահարոն Արսենյանը:
«Գետն ամռանը չորացնում են, ձկնուղին փակ է: Լսումների ժամանակ ընկերությունը խոստացավ, որ միջազգային չափանիշներին համապատասխան ՀԷԿ կկառուցի: Մենք իրենց ասացինք՝ գնացեք, ձեր արդեն եղած ՀԷԿ-երը համապատասխանեցրեք միջազգային չափանիշներին, հետո խոսեք նոր ՀԷԿ-ի մասին», - նշեց Ջերմուկի մեկ այլ բնակիչ:
ՓՀԷԿ-ն ընկերությունը ցանկանում է կառուցել Ջերմուկ քաղաքից մոտ 4 կմ հյուսիս արեւելք՝ Արփա գետի վերին ավազանում, ՓՀԷԿ-ի գլխամասը՝ «Ջերմուկ» ջրաբանական արգելավայրից մոտ 30 մետր հեռավորության վրա: ՓՀԷԿ-ի կառուցման դեպքում խողովակի մեջ կհայտնվի Արփայի Փոքրաքար վտակի 13.8 տոկոսը, կհատվի 434 ծառ: