Անհասկանալի է` ինչ չարաշահումների մասին է խոսում ՊԵԿ-ը. «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ
ՊԵԿ աշխատակիցներն այս ընթացքում որևէ անգամ չեն այցելել «Նաիրի ինշուրանս» ԱՍՊԸ ստուգումներ իրականացնելու նպատակով:
Այս մասին նշված է «Նաիրի Ինշուրանսի» ԱՍՊԸ հայտարարության մեջ, որում անդրադառնում են ՊԵԿ-ի հայտարարությանը, որով հայտնում են, որ «Նաիրի Ինշուրանս ապահովագրական» ՍՊԸ-ն չի վճարել խոշոր չափերով հարկեր, և ըստ նախնական հաշվարկի՝ պետությանը պատճառվել է մոտ 200 մլն դրամի վնաս: «Նաիրի Ինշուրանսի» հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր ՊԵԿ-ի կողմից հրապարակված հաղորդագրության համաձայն՝ «Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական ՍՊԸ-ին վերագրվել են առանձնապես խոշոր չափերի հարկերի չվճարման ենթադրյալ չարաշահումներ, որի մասին ընկերությունը տեղեկացվել է մամուլից:
Պաշտոնապես հայտնում ենք, որ ՊԵԿ աշխատակիցներն այս ընթացքում որևէ անգամ չեն այցելել «Նաիրի ինշուրանս» ԱՍՊԸ ստուգումներ իրականացնելու նպատակով, և անհասկանալի է, թե ինչ չարաշահումների և նախնական հաշվարկների մասին է խոսվում ՊԵԿ հաղորդագրության մեջ, և ինչ փաստերի վրա է հիմնված տվյալ հայտարարությունը:
Բավարար հիմքեր ունենք պնդելու, որ ՊԵԿ նման վարքագիծը բացառապես միտված է արատավորելու «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊԸ գործարար համբավն ու հեղինակությունը, ուստի կոչ ենք անում ձեռնպահ մնալ ՊԵԿ կողմից տարածվող վստահություն չներշնչող հաղորդագրությունները հրապարակելուց և ցանկացած այլ միջոցներով տարածելուց:
Միաժամանակ, ընկերությունը ձեռնարկելու է օրենսդրությամբ սահմանված բոլոր միջոցներն իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար՝ բացառելու ընկերության գործարար բարի համբավն արատավորող ցանկացած փորձ և պատասխանատվության ենթարկելու նմանօրինակ դեպքերի մեղավորներին օրենքի ողջ խստությամբ»: