Խնդրում եմ տասը րոպե ժամանակ գտնել ինձ անձամբ ընդունելու համար. Միխայիլ Աղաջանովը դիմել է Նիկոլ Փաշինյանին
ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, 22 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրելով իրեն ընդունել՝ որպես «սպանված Իոսիֆ Աղաջանովի ծնող, որպես գիտության վաստակավոր գործիչ և վերջապես որպես հայ մարդ»:
Ներկայացնենք գրառումն ամբողջությամբ.
«Հայաստանի Հանրապետության վարչապետ՝
պարոն Նիկոլ Փաշինյանին
Հարգելի պարոն Փաշինյան
Ձեզ բազմիցս գրավոր դիմել եմ ընդունելության խնդրանքով, ներկայացրել եմ նաև իմ մտահոգություն հարցի էությունը, այն, որ որպես հրեշավոր կերպով սպանված Իոսիֆ Աղաջանովի ծնող չեմ կարող հաշտվել Մհեր Ենոքյանի նկատմամբ հնարավոր ներման գործընթացի հետ` միաժամանակ խնդրելով ընդունելություն:
Ինձ Ձեր աշխատակազմից տեղեկացրել են, որ խնդիրը ներկայացվել է Ձեզ և արդեն Դուք պետք է կարգադրություն անեք ինձ ընդունելու կամ չընդունելու հարցի վերաբերյալ:
Հարգելի պարոն վարչապետ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես սպանված Իոսիֆ Աղաջանովի ծնող, որպես գիտության վաստակավոր գործիչ և վերջապես որպես հայ մարդ խնդրում եմ տաս րոպե ժամանակ գտնել ինձ անձամբ ընդունելու համար։
Հարգանքով՝
Միխայիլ Աղաջանով
21 հունվար, 2019թ․»: