Սիրավեպ սեքսուալ հաղորդավարուհու հետ, բազմամիլիարդանոց փոխհատուցում կնոջը. մանրամասներ ամենահարուստ մարդու ամուսնալուծության վերաբերյալ
Ամերիկյան Amazon ընկերության հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսը, որը հայտարարել է 25 տարվա կնոջից՝ ՄքՔենզի Բեզոսից բաժանվելու մասին, վերջին ութ ամիսը գաղտնի սիրավեպ է ունեցել ամուսնացած հեռուստահաղորդավարուհու հետ: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ նկատելով, որ Բեզոսը հայտարարել է բաժանվելու մասին, քանի որ կանխատեսում էր, որ համացանց կարող են արտահոսել իր ու սիրուհու ինտիմ լուսանկարները:
Պարբերականի տվյալներով՝ աշխարհի ամենահարուստ մարդը համարվող Բեզոսն անցած տարվանից հանդիպում է Լորեն Սանչեսի հետ, որը նախկինում աշխատել է Fox 11 հեռուստաալիքում և ամուսնացած է հոլիվուդյան գործակալ Պատրիկ Ուայթսելի հետ:
Բեզոսը ենթադրյալ սիրուհու ու նրա ամուսնու հետ
Նշվում է, որ 54-ամյա Բեզոսի ու 49-ամյա Սանչեսի լուսանկարները մամուլում են հայտնվելու այսօր: Մասնավորապես՝ National Enquirer ամսագիրն արդեն հայտարարել է, որ «պատրաստ է ցույց տալ այն, ինչն իսկապես 25 տարվա համատեղ կյանքից հետո բաժանել է Բեզոսին ու ՄքՔենզիին»:
Ամսագրի տվյալներով՝ միլիարդատերը, խաբելով կնոջը, սիրուհու հետ էկզոտիկ հանգստավայրեր է մեկնել իր 65 մլն դոլարանոց մասնավոր օդանավով, նրան էրոտիկ հաղորդագրություններ ու սելֆիներ է ուղարկել:
Սակայն քաջատեղյակ աղբյուրն այլ տեղեկություն է ներկայացրել՝ նշելով, որ Ջեֆն ու ՄքՔենզին ջանք չեն խնայել ամուսնությունը պահպանելու համար, սակայն դա հնարավոր չի եղել և որ միլիարդատերը սկսել է Սանչեսի հետ հանդիպել միայն կնոջից հեռանալուց հետո:
Մեկ այլ աղբյուրի փոխանցմամբ՝ Սանչեսն ու ամուսինը վերջին ամիսներին միասին չեն ապրում:
Ինչ վերաբերում է ամուսնալուծության ֆինանսական կողմին, ապա Bloomberg հանդեսի փոխանցմամբ՝ պաշտոնական ամուսնալուծության արդյունքում ՄքՔենզին կարող է ստանալ 69 մլրդ դոլար ու դառնալ աշխարհում ամենահարուստ կինը:
Ներկայում Ջեֆ Բեզոսը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը, որը, ըստ Bloomberg-ի, ունի 137,2 մլրդ դոլար: