Թուրքիայում հյուրանոցների սեփականատերերը «դավաճանել են» փոքր եղբայր Ադրբեջանին
Ադրբեջանից զբոսաշրջիկները Թուրքիայում այսուհետ անցանկալի անձ են:
Haqqin.az-ի հաղորդմամբ, բանն այն է, որ եվրոպացի զբոսաշրջային օպերատորները իրենց համար ավելի նախընտրելի երկրներից զբոսաշրջիկների ներգրավման համար բացառիկ առաջարկ են հնարել՝ «Հանգիստ՝ առանց ԱՊՀ երկրներից զբոսաշրջիկների»: Գաղափարն այնքան հաջող է ստացվել, որ այն միանգամից սկսել են կիրառել նաեւ Թուրքիայի զբոսաշրջային ոլորտի աշխատակիցները: Բաքվում արդեն նման «պատժամիջոցների» օրինակ կա. Legal Standart իրավաբանական ընկերության տնօրեն Ահմեդ Մուսթաֆազադեն պատմել է, թե ինչպես է փորձել ամրագրման հայտնի միջազգային կայքերով ամռան համար Rixos Premium Bodrum կամ Titanic հյուրանոցներում համար ամրագրել: Մուստաֆազադեն համաձայնել է այն պայմաններին, որոնք առաջարկել է իր ընտրած ընկերությունը, գումար է փոխանցել եւ անգամ վաուչեր ստացել: Սակայն պաշտոնական ձեւակերպումից մի քանի օր անց բրիտանական կայքից նամակ է ստացել այն մասին, որ այս հայտնի ցանցերի հյուրանոցներից ոչ մեկը չի հաստատում ամրագրումը, քանի որ «ձեր ազգությունը խնդիր է եւ ձեզ համար նրանք այլ գին են սահմանել»:
Պարզվել է, որ «այլ գինը» պարզապես կողոպտիչ է եղել, իսկ ամենակարեւորը՝ շատ ավելի բարձր, քան եվրոպացիների համար:
Թուրքիայում հյուրանոցների սեփականատերերն իսկապես արդեն որոշակի ժամանակ է նման «պատժամիջոցներ» են կիրառում՝ հօգուտ եվրոպացի զբոսաշրջիկների, որոնց պայմաններից մեկը հանգստյան գոտիներում ԱՊՀ քաղաքացիներից հեռու հանգիստն է:
Անթալիայի եւ Բոդրումի զբոսաշրջային դրախտը երկու մասի է բաժանվել: Առաջինը, որտեղ հարմարավետությունը ցածր է, իսկ գները՝ բարձր. այն բացառապես ՌԴ-ից եւ ԱՊՀ այլ երկրներից զբոսաշրջիկների համար է: Երկորդը՝ հյուրընկալ, միջազգային մակարդակի պայմաններով է եւ ընդ որում էժան, եւ նախատեսված է գերմանացիների, հոլանդացիների, սկանդինավցիների եւ ամերիկացիների համար: