Դավիթ Բաբայանը` 6 միլիոն դրամ դրամաշնորհ ստանալու մասին
ԱՀ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը Արցախի Հանրապետության պետական բյուջեից 6 միլիոն դրամ է ստացել Ադրբեջանի աշխարհաքաղաքականության մասին աշխատություն գրելու համար: Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել ԱՀ «Ազգային վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Գրիգորյանը:
«Կարծում եմ` շուտով պարզելու է, որ Ալիևը Լյուցիֆերի ախպոր փեսան է»,-գրառման մեջ հավելել էր նա:
Tert.am-ի հետ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ տեղեկությունն ամբողջական մատուցված չէ, աշխատության համար գումար ոչ թե բյուջեից, այլ ԱՀ գիտական կենտրոնից է տրամադրվել, կառույցը ամեն տարի տարբեր ծրագրերի, թեմաների համար պետական դրամաշնորհներ է տալիս, և տվյալ դրամաշնորհը ամենափոքրերի թվին է պատկանում, այն տրվել է այս տարի 3 տարվա աշխատանքի համար, ընդ որում, դրամաշնորհը տրվում է աշխատության վրա աշխատող ամբողջ թիմին, թիմն իր մեջ ներառում է 3 ասիստենտ, ուստի միայն իր աշխատանքի համար չէ:
«Գիտեք, որ տարիներ շարունակ ունեցել եմ գիտական հրապարակումներ, պատմական գիտությունների դոկտոր եմ, և մեր ուսումնասիրության ոլորտներից մեկն Ադրբեջանն է, նրա աշխարհաքաղաքական պատմությունը, Ադրբեջանի ներկայիս արտաքին, ներքին վիճակը: Այս ուղղությամբ շուտով Մոսկվայում և Երևանում լույս կընծայվի ևս մեկ գիրք ջրային աշխարհաքաղաքականության ներքո ադրբեջանա-արցախյան հակամարտության և այլնի վերաբերյալ: Նաև մեծ աշխատություն ենք իրականացնում, որը պետք է մեծ հատորով դուրս գա, և այդտեղ լինելու է Ադրբեջանի աշխարհաքաղաքական պատմությանը վերաբերող շատ հետաքրքիր տեղեկություն, դրա վրա աշխատանքը տարիներ շարունակ ընթանում էր»,-շեշտեց նա:
Դավիթ Բաբայանը նշեց, որ դրամաշնորհի վերաբերյալ տեղեկությունը բաց է, բոլորի համար հասանելի: «Թաքցնելու բան չկա, դա չի տրվում մեկ տարվա համար, դա 3 տարվա աշխատանքի համար է, 3-4 հոգով այդ ուղղությամբ պետք է աշխատենք: Այստեղ խնդիր չկա»,-նշեց նա:
Վերջինս հավելեց, որ այդ դրամաշնորհը շահարկելը նախանձության, ստորության դրսևորում է, գրառումն անողին լավ գիտի, իր ուսանողներից է եղել: «Այդքան տարի Ադրբեջանում որոնվող անձանցից մեկը ես եմ, ոչ թե ինքը կամ իր նմանները, հիմա չաշխատենք հակառակորդի պատմությունը լուրջ մակարդակով վերլուծելու, ներկայացնելու ուղղությամբ: Ի՞նչ է, չզարգացնենք գիտությունը: Աշխատություն նույնիսկ առանց «գրանտ» կատարել եմ, պարզապես պետությունը, գիտական հանրությունը ֆինանսավորելով, կարևորում է այս ուղղությունը: Մենք ինչ է, խենթ հոգեբանությամբ, մաղձով մարդկանց լսենք և ասենք` չպետք է սա անենք, իհարկե ոչ, եթե կարող է, թող գա, այդպիսի որակով աշխատանք կատարի, եթե լավ է ,կասենք լավ է, եթե հակառակը, դա էլ կասենք»,-շեշտեց նա: