«Մենք տրամադրված ենք կառուցողական երկխոսության». ՌԴ-ի արձագանքը ՀՀ ԱԺ ընտրությունների ելքին
Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ամենօրյա ճեպազրույցի շրջանակում անդրադարձել է դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքներին՝ ընդգծելով, որ ռուսական կողմը կառուցողական երկխոսության է տրամադրված:
«Մենք տրամադրված ենք կառուցողական երկխոսություն վարել Հայաստանի նոր խորհրդարանի ու ձևավորվելիք կառավարության հետ՝ նպատակ ունենալով ավելի ամրապնդել մեր երկրների միջև փոխգործակցությունը, այդ թվում՝ ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում»,-ասել է խոսնակը:
Նա նշել է, որ ըստ դիտորդների տված գնահատականի՝ ընտրություններն անցկացվել են օրենսդրությանը համապատասխան՝ առանց քվեարկության ելքի վրա ազդող լուրջ խախտումների:
Զախարովան մանրամասնել է, որ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքին հետևած դիտորդների շարքում եղել են նաև ռուս մասնագետներ, Պետդումայի պատգամավորներ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի անդամներ: