Պղնձաձուլական գործարանի ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ. բանակցություններն արդյունք չեն տալիս
Ալավերդիի պղնձաձուլական գործարանի ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ. Կառավարության բանակցությունները «Վալլեքս» ընկերության եւ ՎՏԲ բանկի հետ դեռեւս արդյունք չեն տալիս։
NEWS.am–ի հետ զրույցում փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը նկատեց, որ իրենք չեն կարող կողմերից որեւիցե մեկին որեւէ բան պարտադրել, կարող են միայն միջնորդել, ինչն էլ արել են։
«Կան խնդիրներ, դժվարություններ կան, որովհետեւ շատ մեծ թեմա է, երկու կողմից էլ առաջարկներ, փոփոխություններ են լինում, մեզնից կախված բան չկա։ Պետք է մանրամասն ուսումնասիրել, որ հետագայում խնդիրներ չլինեն»,– ասաց Վարագ Սիսեռյանը։
Կառավարության ներկայացուցիչը շեշտեց, որ ինչ լուծում էլ տրվի, դա ժամանակավոր է լինելու։ Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրինությունը լուրջ ֆինանսական խնդիրների առջեւ է կանգնած: Հոկտեմբերի 19–ին ընկերությունը պաշտոնապես կասեցրել է իր գործունեությունը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ գործարանն արդեն հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան բանկի սեփականությունը: Այս տեղեկությունը բողոքի ալիք եւ անհանգստություն է առաջացրել գործարանի աշխատակիցների մոտ:
Վերջիններս Կառավարությանն առաջարկ-պահանջներ են ներկայացրել, որոնցից մեկն այն է, որ արտանետումների թույլատրելի ծավալը բարձրացնեն: Այս պահի դրությամբ գործարանն իրավունք ունի արտանետելու մոտ 6000 տոննա ծծմբային անհիդրիդ, սակայն արտանետում է 33 000 տոննա: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից տեսչական մարմնի ստուգումներից հետո գործարանը տուգանվել էր 380 մլն դրամով:
Գործարանի աշխատակիցները օրերս սկսել են աշխատանքից ազատման ծանուցումներ ստանալ։