Քենիացի կնոջն ամուսնու տանը ստիպել են կրծքի կաթ տալ օձերին
Քենիայի բնակչուհին պատմել է, որ իր նախկին ամուսինն ու նրա հարազատները ստիպել են իրեն կրծքով կերակրել օձերի, այս մասին գրում է lenta.ru-ն: Կինն իր պատմությունը պատմել է Radio Jambo ռադիոկայանի եթերում:
«Երբ ինձ տարան նրանց տուն՝ ասացին, որ սպասեմ հյուրերի ու չփախչեմ, երբ նրանք հայտնվեն: Ես լուռ նստած էի և չէի շարժվում, որովհետև չգիտեի, որ «հյուրերն» իրականում օձեր են», - պատմել է կինը:
Նրա խոսքով՝ մինչ ամուսնությունը նա տեղյակ չի եղել իր ամուսնու ու նրա հարազատների «օձասեր» լինելու մասին:
Քենիացի կինը պնդել է, որ սենյակ սողոսկած օձերից մեկը փորձել է խմել նրա կրծքի կաթը:
«Այդ ընթացքում ես կերակրում էի երեխայիս: Ինձ, այնուամենայնիվ, հաջողվեց դուրս պրծնել այդ տնից», - նշել է արդեն ամուսնալուծված կինը:
Նա նաև հիշել է, որ ամուսնու հարազատները պարտադրել են իրեն պարբերաբար առանց շաքարի ապուր տալ օձերին:
Կինն ի վերջո ամուսնալուծվել է, սակայն հատկանշական է, որ բաժանության պատճառն օձերը չեն եղել: Ամուսնալուծության պատճառ է հանդիսացել տղամարդու անպատասխանատու ու անտարբեր վերաբերմունքը սեփական երեխայի նկատմամբ: