Թուրքիայի ամենատարեց հայերից 104-ամյա պոլսահայ Հեղինե Ուրուշյանի պատմությունը՝ պոլսահայ մամուլի էջերում
Այս թեմայով
- Իսրայելի հանցագործությունների մասին ՄԱԿ-ի դատարանում զգալի ապացույցներ են ներկայացվել. Թուրքիայի ԱԺ նախագահ
- Թուրքիան պատրաստ է համակողմանի օգնել ՌԴ և Ուկրաինայի միջև բանակցությունների կազմակերպմանը
- Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա
- Թուրքիայի արևելյան մասում 4,5 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել
Ստամբուլում հրատարակվող հայկական «Ժամանակ» պարբերականը ներկայացրել է Թուրքիայի ամենատարեց հայերից 104-ամյա պոլսահայ Հեղինե Ուրուշյան Յոլդաշի պատմությունը:
Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասում բնակվող «Հեղինե յայա»-ն, ինչպես նրան կոչում են հարազատները, ծնվել է 1914 թվականին Յոզղատի հայաբնակ Չորքոտան գյուղում՝ Հայրապետ և Աննա Ուրուշյանների ընտանիքում:
«Մայրս ինձ ու ինձնից 3 տարի փոքր եղբորս՝ Գրիգորին, վերցնում ու գնում էր հարևանների տուն, նրանք էլ էին մեր տուն գալիս: Որոշ հարևանների հետ շատ մտերիմ էինք: Տան այգում գետնափոր թոնիր ունեինք, տղամարդիկ հավաքվում, կրակ էին վառում, հաց էինք թխում»,- հիշել է տարեց հայուհին:
Երբ Հեղինեն 8 տարեկան էր՝ ընտանիքը ստիպված է եղել լքել հայրենի գյուղը, քանի որ Յոզղատում այլևս հայեր չէին մնացել: Ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանում մնացած բազմաթիվ հայերի պես Ուրուշյանները նույնպես շուտով բռնել են Ստամբուլի ճանապարհը:
«Երբ եկանք Ստամբուլ՝ սկզբում երկու ընտանիք մի սենյակում էինք ապրում: Գիշերներն անկողինը փռում էինք գետնին ու քնում: Մի կաթսայի մեջ էինք ճաշ եփում ու ուտում, առանձին ափսեներ չունեինք», - քաղաքային կյանքի առաջին դժվարությունների մասին է պատմել 104-ամյա Հեղինե տատը:
Ընտանիքի՝ Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասում հաստատվելուց հետո մանկահասակ Հեղինեն սկսել է հաճախել տեղի հայկական Թարգմանչաց վարժարանը, սակայն նախակրթարանն ավարտելուց հետո կյանքի ծանր պայմաններից ելնելով ստիպված է եղել թողնել ուսումն ու աշխատել:
«Մինչ օրս էլ բոլորովին չի մտածում, թե տարիքն առել է: Բոլոր գործերը փորձում է ինքնուրույն անել: Վերջերս ներքևի հարևանի համար հայկական բաղադրատոմսով լիկյոր պատրաստեց, զանազան քաղցրավենիքներ է պատրաստում: Մեր ընտանիքի անմար ճրագն է, մեր դարավոր կաղնին»,- պատմել է Հեղինե տատի ազգականներից տիկին Ֆլորան: