Սասուն Միքայելյա՞նն է կանգնած ստուգումների հետևում
Արդեն 10 օր է՝ ստուգումներ են ընթանում Հրազդանի բժշկական կենտրոնում: Մեր տեղեկություններով՝ ոստիկանները, դռնեդուռ ընկած, հիվանդներին հարցուփորձ են անում՝ արդյոք ստացե՞լ են իրենց հասանելիք դեղորայքը: hraparak.am-ը գրում է, որ «Հրազդան» ԲԿ-ն երկար տարիներ ղեկավարում էր Ռոբերտ Սահակյանը, ով իր հարազատներին աշխատանքի էր տեղավորել ԲԿ-ում: Մարզպետարանի իրականացրած ստուգումների արդյունքում մի շարք խախտումներ էին հայտնաբերվել, ինչի հետեւանքով նախկին տնօրենը խիստ նկատողություն ստացավ, ապա թերությունները չշտկելու համար ազատվեց աշխատանքից:
Նա ամեն գնով փորձում էր, որ իր պաշտոնը զբաղեցնի որդին՝ Կարեն Սահակյանը: ԲԿ-ի տնօրենի մրցույթում, սակայն, հաղթող ճանաչվեց Մեղրաձորի ամբուլատորիայի վարիչ Լիլիա Կարապետյանը, ով արդեն մեկ տարի է՝ պաշտոնավարում է: Ըստ մեր աղբյուրի՝ ԱԱԾ-ն այժմ ստուգումներ է սկսել Հրազդանի ԲԿ-ում, եւ այդ ստուգումներն ուղղորդված են: Հրազդանում խոսում են, որ իշխանական պատգամավոր, պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանն իր ծանոթին ուզում է տեսնել ԲԿ-ի տնօրենի պաշտոնում: Ի դեպ, Միքայելյանն իր մտերիմներին աշխատանքի տեղավորելու գործընթացը հաջողությամբ առաջ է տանում: Նա իր ծանոթներին տեղավորել է «Կոտայքի ԳԳՄ»-ի Հրազդանի մասնաճյուղում, նախկին Արդշինբանկի կառավարիչ Կարինե Մանասյանին բաժին է հասել Յունիբանկի Հրազդանի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը: Թե ինչ ստուգումներ են կատարվում Հրազդանի ԲԿ-ում, տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք ԲԿ-ի տնօրեն Լիլիա Կարապետյանի հետ: