ԲԷՑ–ում 150-160 աշխատակիցներ կկրճատվեն
«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունում 150-160 աշխատակիցներ կկրճատվեն։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը՝ խոսելով կադրային փոփոխությունների մասին։
Նրա խոսքով՝ ընդհանուր կառուցվածքային փոփոխությունների համատեքստում հիմա ամենաակտիվ աշխատանքներն իրականացվում է ԲԷՑ–ում. «Երկու օր առաջ ԲԷՑ–ի նոր տնօրեն է ընտրվել, շուտով կհաստատվի նաեւ ԲԷՑ հաստիքացուցակը, կկրճատվեն 150-160 աշխատակիցներ, որոնք այդքան էլ զբաղված չէին ԲԷՑ հիմնբական գործունեությամբ»։
Նախարարի պաշտոնակատարը շեշտում է՝ անհասկանալի է 163 ազատ հաստիքների առկայության պարագայում 90 արտահաստիքային պայմանագրային աշխատողների անհրաժեշտությունը. «Ազատ հաստիքացուցակով 163 ազատ հաստիքների պարագայում դրան զուգահեռ ունենք 90 արտահաստիքային պայմանագրային աշխատողներ, որոնք ուղղակի անհասկանալի է, եթե կան հաստիքային աշխատողներ, ինչու են արտահաստիքային աշխատողներ պահում, այս ամենը վերլուծվելու է եւ օպտիմալացվելու է»։