Սինգապուրում կարող են արգելել քաղցր գազավորված ըմպելիքների վաճառքը
Սինգապուրը կարող է դառնալ քաղցր գազավորված ըմպելիքների վաճառքն արգելող առաջին երկիրն աշխարհում: Երկրի առողջապահության նախարարությունն արդեն առաջարկների փաթեթ է պատրաստել, որն ուղղված է շաքարային դիաբետի դեմ պայքարին, գրում է ТАСС գործակալությունը:
Առաջարկների թվում է նաև հարկերի բարձրացումը նման ըմպելիքների արտադրությամբ կամ ներկրմամբ զբաղվողների համար, ինչպես նաև գովազդային պայմանների խստացումը կամ նման գովազդի իսպառ արգելումը:
Առաջարկվում է նաև պիտակավորել ապրանքներն ըստ առողջության համար դրանց օգտակարության կամ վնասակարության:
Ներկայացված փաթեթը դեռ պետք է անցնի հասարակական լսումների փուլով, սակայն երկրի իշխանությունները բավականին վճռական են գազավորված ըմպելիքներից ազատվելու հարցում: Ցանկում կարող են հայտնվել նաև հյութերը, էներգետիկ ըմպելիքները, ըմպելի յոգուրտներն ու «Երեքը մեկում» սուրճերը:
Հայտարարության մեջ Առողջապահության նախարարությունը նշել է, որ Սինգապուրում շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց թիվը հասնում է 11 տոկոսի, ինչը զարգացած երկրների շրջանում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:
«Ըստ կանխատեսումների, եթե այժմ չձեռնարկվեն սահմանափակող միջոցներ, 2050 թվականին շաքարային դիաբետով հիվանդների թիվը կարող է հասնել մեկ միլիոնի», - ասված է հայտարարության մեջ:
Մասնագետները հաշվարկել են, որ յուրաքանչյուր սինգապուրցի օրական օգտագործում է մոտ 12 թեյի գդալ շաքարավազ, ինչը կազմում է մոտ 60 գրամ, օգտագործված շաքարի կեսը բաժին է հասնում հենց քաղցր գազավորված ըմպելիքներին: