Արթուր Վանեցյանը ճիշտ էր
Արդեն իսկ հայտնի է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը, որը նախատեսված էր դեկտեմբերի 6-ին՝ չի կայանալու: Իսկ սա նշանակում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը գոնե առաջիկա տարիներին այլեւս չի անցնի ՀՀ-ին: Ռուսաստանի ներկայացուցիչը կկատարի գլխավոր քարտուղարի պարտականությունները, մինչեւ այդ պաշտոնն անցնի Բելառուսին:
Եթե հիշում եք, հայտնի հեռախոսազրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ՀՔԾ պետին բացատրում էր, որ Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալությունը, կալանավորումը Հայաստանի շահերից չի բխում: Ցավոք, այն ժամանակ Արթուր Վանեցյանին չլսեցին, իսկ պարզվում է, որ նա ճիշտ էր, պարզվում է, որ այդ հեռախոսազրույցի ամենակարեւոր հատվածը հենց դա էր:
Հեռու ենք այն մտքից, թե Հայաստանի համար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի պահպանումն ամենակարեւոր գործն է, բայց նաեւ պնդում ենք, որ այն ձեռքից բաց թողնելն, առնվազն, ապաշնորհություն էր:
Ի՞նչ տվեց Հայաստանին Յուրի Խաչատուրովի կեսօրյա կալանավորումը՝ ոչինչ, իսկ, թե ինչ կորցրեց Հայաստանն, ավելի քան ակնհայտ է: Մենք ոչ միայն կորցրինք գլխավոր քարտուղարի պաշտոնը, այլ նաեւ մեր կշիռը, ավելին, մեր քայլով նպաստեցինք Բելառուսի եւ Ղազախստանի դիրքերի ամրապնդմանը:
Գաղտնիք չէ, նորություն չէ, որ Ղազախստանն ու Բելառուսը երկար ժամանակ նույն ՀԱՊԿ-ի ներսում մեր դեմ էին գործում, եւ նրանց զսպելը նուրբ դիվանագիտական քայլեր էր պահանջում, իսկ հիմա վերցրինք եւ մեր գործողություններով նվեր մատուցեցինք նույն Բելառուսին եւ Ղազախստանին:
Եւ հիմա կրկին ընդգծում ենք՝ Արթուր Վանեցյանը ճիշտ էր:
Top-News.am