Վրաստանի խորհրդարանի խոսնակը բացառել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեն բացառել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որի պահանջը ներկայացնում է ընդդիմությունը, գրում է ria.ru-ն:
Նախօրեին Թբիլիսիի կենտրոնում անցկացվել է «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր միավորման զանգվածային բողոքի ակցիան, որի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն պարտվել է նոյեմբերի 28-ին անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում: Ընդդիմությունը չի ճանաչում ընտրությունների արդյունքները, մտադիր է դատարանի միջոցով հասնել դրանց չեղարկմանը և պահանջում է իշխանություններից արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:
Վաշաձեն հայտարարել է, որ իշխանություններին մինչև դեկտեմբերի 16-ը ժամանակ է տալիս, որպեսզի նրանք իրենց հետ խորհրդակցեն, հակառակ դեպքում բողոքի ակցիաները կշարունակվեն: Ընդդիմության հնչեցրած ամսաթիվը համընկնում է նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի երդմնակալության արարողության ամսաթվի հետ:
«Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2020 թվականին՝ ինչպես նախատեսված է Սահմանադրությամբ»,- ասել է Կոբախիձեն լրագրողներին: