«Խնդրում եմ, պարոն Պուտին, դուրս եկեք Ուկրաինայից». Պորոշենկոյի ուղերձը ՌԴ նախագահին (տեսանյութ)
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ուղերձ ունի, որը ցանկանում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ փոխանցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Արգենտինայում կայանալիք «Մեծ քսանյակ»-ի գագաթնաժողովի ժամանակ: Այդ մասին Ուկրաինայի նախագահն ասել է ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Խնդրում եմ, պարոն Պուտին, դուրս եկեք Ուկրաինայից»,- ասել է Պորոշենկոն հարցազրույցում, որում անդրադարձել է Կերչի նեղուցում ստեղծված իրավիճակին:
Ուկրաինայի նախագահն ուկրաինական լրատվամիջոցներին էլ հայտնել է, որ իրենք մեծ աջակցություն են ստանում Արևմուտքի իրենց գործընկերներից, որոնք միաբերան այս հարցում աջակցում են Ուկրաինային:
«Մենք ոչ միայն բանակցել ենք, այլև ստացել հզոր ազդանշաններ ամբողջ աշխարհից հաջակցություն Ուկրաինայի», - ասել է Պորոշենկոն՝ տեղեկացնելով, որ միջադեպից հետո հեռախոսազրույցներ է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին Կերչի նեղուցում: Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը:
Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին:
Միջադեպից մեկ օր անց Ուկրաինայում 30 օրով ռազմական դրություն է սահմանվել: