Նիկոլ Փաշինյանը սրում է հարաբերություններն Արցախի ղեկավարության հետ
«Ընդհանրապես վերջին օրերին, անկեղծ ասած, լավ չեմ հասկանում Լեռնային Ղարաբաղի իշխանության ներկայացուցիչների ակտիվությունը, բացարձակապես չեմ հասկանում, ինչի՞ են ակտիվացել և ինչի՞ են փորձում որեւէ ձեւով խառնվել և իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանի ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Ասեմ, որ շատ հարցեր ունեմ դրա կապակցությամբ, և այդ հարցերն անպայման կքննարկեմ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, իսկ մինչ այդ պարոն Բակո Սահակյանին հորդորում եմ կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին և ուղարկել իրենց աշխատանքը կատարելու։ Եվ առիթ անառիթ իրենց մեկնաբանություններով թող... Չհասկացա, ուրեմն Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը օր ու մեջ իմ ասածների վերաբերյալ մեկնաբանություններ է տալիս, այ քեզ բան... Բա պատկերացնո՞ւմ եք՝ իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի հայտնի և անհայտ իրադարձությունների վերաբերյալ սկսի մեկնաբանություններ տալ, հասկանո՞ւմ եք՝ դրա հետեւանքն ու արդյունքը ինչ կլինի: Սթափվե՛ք և զբաղվե՛ք ձեր աշխատանքով, իհարկե ինչ տեղի է ունեցել, ձեզ հետ կքննարկեմ, բայց ընտրություններից հետո, իսկ մինչ այդ ասում եմ՝ զբաղվեք ձեր գործով»,- Ճամբարակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Փաշինյան։
«Ասում են՝ վայ, նախընտրական շահարկում, Ռոբերտ Քոչարյանի որդիները… Ի՞նչ Ոոբերտ Քոչարյանի որդիները, ես պաշտոնական տեղեկանք եմ ուզել Ռոբերտ Քոչարյանի որդիների ծառայության վերաբերյալ, ասում եմ՝ Ռոբերտ Քոչարյանի որդիները ծառայել են Երևանում: Ոչ մի գիշեր չեն անցկացրել որեւէ զորամասում, ծառայել է ՊՆ վարչական մասում, մյուս որդին էլ ծառայել է որպես վարորդ, պետական ավտոն դրել են տակը, ուր ուզել գնացել է, պետության բենզինի, ավտոյի հաշվին և այլն: Էդ ինչի՞ եք ոգեւորվել։ Ես գիտեմ՝ ինչ եմ ասում, եւ եթե որեւէ մեկն իմ ասածը կասկածի տակ դնի թղթերով ու փաստաթղթերով կապացուցեմ»,– ասաց Փաշինյանը: