Աճուրդից գողացել են Ռենուարի նկարը
Ավստրիական ոստիկանությունը փնտրում է երեք մարդու, ովքեր կասկածվում են Պիեռ Օգյուստ Ռենուարի նկարը գողանալու մեջ՝ տեղեկացնում է ORF-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ «Նեղուց, ծով, կանաչ ժայռեր» կտավը գողացել են Վիեննայի Dorotheum աճուրդային տնից։ Հանցագործներից մեկը այն հանել է շրջանակից, հետո նա եւ նրա հանցակիցները դուրս են եկել շենքի տարբեր ելքերից։ Տեսխցիկների համաձայն՝ կասկածյալներից երկուսը ձեռքներին պայուսակներ են ունեցել։
Bloomberg գործակալությունը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին։ Կտավը պատրաստվում էին աճուրդում նոյեմբերի 28-ին վաճառել։ Դրա մեկնարկային գինը 160 հազար եվրո էր։