Պոպուլիզմն արդեն վտանգավոր է դառնում
Թալինում հանրահավաքի ժամանակ ՔՊ անդամ՝ ԱԺ նախկին պատգամավոր Հրազդանի կամավորական ջոկատների հրամանատար Սասուն Միքայելյանի ելույթը համացանցի քննարկման թիվ մեկ թեման է դարձել․ «... ես այս պահին չեմ վախենում ու վարանում ասել, որ այս հաղթանակը ավելի կարևոր է, քան Արցախյան ազատամարտում տարած հաղթանակը»։
Այն, որ Սասուն Միքայելյանը չի փայլում իր գրագետ խոսքով, նույնիսկ ինքն է բազմիցս մատնանշել, բայց այս արտահայտությունն արդեն խոսքի գրագետ և ոչ գրագետ ձևակերպման հետ որևէ կապ չունի․ սա արդեն համազգային խայտառակություն է։ Ի՞նչ է նշանակում հեղափոխությունն ավելի կարևոր է, քան արյան գնով ձեռք բերված հաղթանակը․․․ի՞նչ համադրելու բաներ են այս երկուսը․․․․և սա ասում է մի մարդ, ով անմիջական մասնակիցն է եղել արցախյան պայքարի ու հաղթանակի։
Նույնիսկ անիմաստ է որևէ մեկնաբանություն տալ Ս․ Միքայլելյանի այդ «հանճարեղ» խոսքերին, դրանցով ամեն ինչ արդեն իսկ ասված է՝ և՛ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենարանի և՛ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այսպիսին են «Իմ քայլը» դաշինքում ներգրավված մարդկանց զգալի մասն ու նրանց մտածողության սահմանները։
Իհարկե, այդ թիմում կան նաև լուրջ, ճանապարհ անցած մարդիկ, սակայն նրանք եզակի բացառություններ են, հետևաբար՝ համընդհանուր գորշության մեջ՝ եղանակ չստեղծող։
Ցավալի է, որ հենց այս քաղաքական հենարանն է զբաղեցնելու երկրի երկու կարևոր պոստերը՝ ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինները։ Հետևաբար, նրանց ամեն սխալը ազդելու է նախևառաջ երկրի ճակատագրի վրա, քանի որ այս քաղաքական թիմն է ուղենշելու Հայաստանի արտաքին քաղաքական ճանապարհը, այս թիմն է մշակելու երկրի տնտեսության զարգացման ուղին, այս թիմն է նախաձեռնելու օրենսդրական փոփոխություններ և որոշելու Արցախի ճակատագիրը․․․
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն ինքը ներողություն խնդրեց Սասուն Միքայելյանի փոխարեն՝ վերը նշված արտահայտությունը համարելով ոչ ճիշտ ձևակերպված խոսք։ Բայց մինչև երբ պետք է նա ներողություն խնդրի կամ փորձի հարթել թիմակիցների անդադար սխալներն ու բացթողումները: Հետաքրքիր է՝ Նիկոլ Փաշինյանը նաև միջազգային ատյաններո՞ւմ է ներողություն խնդրելու իր «պրոֆեսիոնալ» թիմի յուրաքանչյուր սխալի համար։
Գրիգոր Հայրապետյան
Top-News.am