Արեւադարձային լիանաներում հակաքաղցկեղային նյութ են գտել
Այս թեմայով
Արեւադարձային լիանաներում գիտնականները հայտնաբերել են նոր միացություն, որն արդյունավետ է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ պայքարում: Այս մասին ասվում է Journal of Natural Products ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն ամենասարսափելի ուռուցքային հիվանդություններից է, քանի որ այն դժվար է բուժվում (բջիջները ամենաանբարենպաստ պայմաններում գոյատեւում են) եւ մահացության բարձր ցուցանիշներ ունի:
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջներն ունակ են շրջակա միջավայրից կլանել ամբողջ թթվածինը եւ սնուցող նյութերը՝ դրանք օգտագործելով ակտիվ տարածման համար:
Դա մասամբ տեղի է ունենում Akt/mTOR մոլեկուլյար ուղու ակտիվացման հաշվին: Այս ուղին ազդանշանային է. այն օգնում է բջիջներին շփվել:
Հակաքաղցկեղային հատկություններով միացությունը՝ անցիստրոլիկոկին E3 ալկալին, հայտնաբերվել է Ancistrocladus likoko լիանայում: Այն զգալի փոփոխություններ է առաջացրել քաղկեղային բջիջների կազմաբանությում, որոնք մահվան են հանգեցնում: Նյութը սպանում է քաղցկեղային բջիջներին՝ արգելակելով Akt/mTOR-ի եւ աուտոֆագիայի ուղիների ակտիվությունը, որոնք հակառակ դեպքում կօգնեին քաղցկեղին ամենակոշտ պայմաններում ապրել:
Բացի այդ միացությունը քաղցկեղային բջիջներին թույլ չէր տալիս տեղափոխվել եւ գաղութներ առաջացնել: Սա կարող է նշանակել, որ այս նյութը կարող է կանգնեցնել նաեւ մետաստազները: Սակայն մարդկանց վրա այն դեռ չի փորձարկվել: