Ընտրություններից հետո ՀՀ կառավարության կառուցվածքը կփոխվի
Ընտրություններից հետո ՀՀ կառավարության կառուցվածքն է շատ փոխվելու, որովհետև այսօր ունենք 17 նախարար, բայց խորհրդարանական ընտրություններից հետո մենք 17 նախարար չենք ունենալու։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Կառավարության հետագա կառուցվածքին։ Այս ամենի համատեքստում նա բնական համարեց կառավարության կազմի փոփոխությունը։
«Եթե համարենք, որ օրինակ՝ նախարարությունների թիվը կարող է կրճատվել 5-ով, արդեն հսկայական կադրային փոփոխություններ են կառավարությունում։ Նախարարություններն ավտոմատ չեն կրճատվելու, այլ գործառույթային փոփոխություն է լինելու, և նախարարների գործառույթային իմաստով փոփոխություններ են լինելու, որովհետև ընդլայնվելու է պատասխանատվության շրջանակը»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ կառավարության գործունեությունը պետք է գնահատել ըստ առաջադրված խնդիրների՝ Հանրապետության հրապարակից մինչև արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նա նշեց, որ իշխանության գալով իրենք ունեցել են հրապարակած ճանապարհային քարտեզ, որն, ըստ նրա, կատարվել է։ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ իրենց քաղաքական թիմը 100 տոկոսով կատարում է հանրության առաջ ստանձնած պարտավորությունները։
«Եթե այս առումով են գնահատում կառավարության աշխատանքը, ապա, իհարկե, կառավարությունը 100 տոկոսով իրականացրել է այն խնդիրը, որը պետք է լուծեր, որովհետև այս ընթացքում զուգահեռ բաներ կան, որոնք չեն արձանագրվել որպես պարտավորություն, բայց էֆեկտիվության խնդիր էլ կա չէ՞։ Պարզ բան ասեմ՝ երկրում քաղաքական ու տնտեսական կայունություն ապահովելը հետհեղափոխական շրջանում սա խնդի՞ր է, թե՞ խնդիր չէ։ Եկեք ուսումնասիրենք ցանկացած քաղաքացիական կամ ոչ քաղաքացիական հեղափոխության փորձ, դուք կարո՞ղ եք գտնել նախադեպ, երբ երկրում հեղափոխությունից հետո, 6 ամիս անց ոչ միայն ունենք կայունություն, ինչպես կա ՀՀ ներքին ու արտաքին միջավայրում, այլև զարգացում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Միևնույն ժամանակ նա հայտարարեց, որ սա դեռ չի նշանակում, որ ինքը կառավարության աշխատանքը համարում է անթերի և գոհ է նախարարների կամ իր աշխատանքից։ Սակայն հավելեց՝ չի հասկանում այն մարդկանց, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել հարցի շուրջ, որ ՏԿՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյան ասել է փետրվարի 31, կամ ԿԳ նախարար պաշտոնակատար Արայիկ Հարությունյանն է տառաբացթողումներ արել։