Ո՞րն է քաղաքական այս պարադոքսից դուրս գալու ելքը
Քաղաքական ուժերն արդեն հայտարարում են առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններում իրենց մասնակցության ձևաչափի մասին։
Ընտրությունների՝ նման հապշտապ անցկացման արդյունքում, այսօր չունենք ձևավորված նոր քաղաքական ուժ, որն իրական հակակշիռ կլինի ՔՊ-ին և միաժամանակ՝ որևէ կապ չի ունենա նախկին քաղաքական ուժերի հետ։
Այս կոնտեքստում, որքան էլ ՀՀԿ-ն հայտարարի, որ ինքը իսկական ընդդիմություն է և պատվով կրելու է այդ «տիտղոսը», փաստն այն է, որ իրենք այսօր բավական խոցելի են և նրանց դեմ ժողովրդի զայրույթն ուղղելը բավական հեշտ է լինելու:
Արդյունքում, ընտրողը, որը մերժում է նախկին համակարգը՝ ի դեմս «հին» կուսակցությունների, բայց միաժամանակ համամիտ չէ նոր իշխանությունների որդեգրած քաղաքականության հետ, պատային իրավիճակում է հայտնվել։
Ավելի ճիշտ, այդ ընտրողները (որոնք, ի դեպ, բավական ընդգրկուն հատված են) ունեն մի քանի տարբերակ, որոնք, սակայն, մեծ հաշվով նույն փակուղին են տանում․
ա․ գնալ ընտրության և, այլ տարբերակ չունենալով, քվեարկել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին։
բ․ գնալ ընտրության և ձայնը «տեղ չհասցնել»՝ փչացնել քվեաթերթիկը կամ որևէ «կորած» կուսակցության օգտին քվեարկել։
գ․ որևէ կերպ չմասնակցել առաջիկա ընտրություններին։
Այս երեք տարբերակները մենք տեսանք Երևանի ավագանու և ՏԻՄ ընտրություններում։ Ինչի արդյունքում արձանագրվեց ընտրությունների մասնակցության բավական ցածր ցուցանիշ, ինչն էլ իր հերթին նպաստեց հեղափոխության արդյունքում իշխանության եկած ուժի բացարձակ հաղթանակին։
Կապանում ընտրությունների մասնակցության բարձր ցուցանիշը և իշխանական թեկնածուի պարտությունը հենց վերը շարադրվածի մասին են փաստում։
Իրավիճակն իսկապես պատային է, ավելի կոնկրետ՝ պարադոքսալ․ քանի որ իրականում քաղաքացին ոչ ուղղակիորեն, բայց զրկված է ընտրություն կատարելու իր սահմանադրական իրավունքից․ նա չունի քաղաքական ուժերի միջև ընտրության հնարավորություն՝ բազմազանության բացակայության պատճառով։
Եվ, քանի որ գործող Ընտրական օրենսգրքով ընտրությանը չմասնակցողների ձայները որևէ ձևակերպում չեն ստանում, ուստի ենթադրելի է, որ առաջիկա արտահերթ ընտրություններում կրկին կունենանք այն իրավիճակն, ինչ Երևանի ավագանու ընտրություններում։ Սա բավական ցավալի իրողություն է Հայաստան պետության համար․ ստացվում է՝ երկրի ճակատագիրը վճռելու են մարդիկ, ովքեր իշխանության են եկել, քանի որ այլ տարբերակ չի եղել։
Ո՞րն է քաղաքական այս պարադոքսից դուրս գալու ելքը․ առաջիկա Խորհրդարանը հայտարարել ժամանակավոր, այդ ընթացքում բարենպաստ ֆոն ստեղծել երկրում նոր քաղաքական ուժերի ձևավորման համար, նախաձեռնել օրենսդրական լուրջ փոփոխություններ՝ դրանցում ներգրավվելով նաև արտախորհրդարանական ուժերին, ապա կազմակերպել նոր ընտրություններ և ձևավորել քաղաքականապես բազմազան նոր Խորհրդարան։
Այդ ժամանակ միայն կարող ենք խոսել ազատ ու արդար ընտրությունների մասին։
Գրիգոր Հայրապետյան
Top-News.am