«Կարգին» եւ «դուխով» աղբահանությունը շարունակվում է (Լուսանկարներ)
Դեռ սեպտեմբերի 22-ին Երեւանում աղբահանություն իրականացնող «Սանիթեք» ընկերության տնօրինությունը երեւանցիներին տեղեկացրեց, թե Հայաստան ուղեւորված նոր մեքենաներն արդեն համալրել են ավտոպարկը եւ նույնիսկ վաղ առավոտից միացել աղբահանության գործին։
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ վերանորոգվել եւ շահագործման են հանձնվել նաեւ տեխնիկական խնդիրներ ունեցող մեր մյուս մեքենաները»,- հավաստիացրին «Սանիթեքից»։
Անցել է ավելի քան հիսուն օր, բայց աղբահանության վիճակը, մեղմ ասած, հեռու է բավարար լինելուց: Նոյեմբերի 11-ին գրել էինք, որ Երեւանում, Նոր Արեշում աղբահանության վիճակը խայտառակ է, հրապարակել էինք լուսանկարներ: Նրանք, ովքեր աշխարհին նայում են Կարգին Հայկոյի բաժանած վարդագույն ակնոցներով, մեզ մեղադրեցին հին լուսանկար հրապարակելու մեջ, ոմն մեկը, որը ֆեյսբուքում գրանցված է Արման Սարդարյան անուն ազգանունով, գրեց. «Հասցեն ասա միջեւ առավոտ մաքուր կլինի. Բայց եթե սուտ եղավ մի ամիս Էտ հասցեի զիբիլը պիտի ուտես» (գրել էր լատինատառ):
Առավոտյան այս աղբը չկար:
Իսկ այս աղբից հեռացվել էր միայն այն, որը աչք էր ծակում:
Բայց հենց այսօր՝ նոյեմբերի 12-ին, ժամը 11-ին հարեւան շենքերում այսպիսի վիճակ է: Իհարկե, կրկին կգտնվեն մարդիկ, որոնք կասեն, թե սա հին լուսանկար է, եւ որ մենք թյուրիմացության մեջ ենք գցում, բայց փաստն այն է, որ աղբահանությունը ահավոր վատ վիճակում է: Նոր Արեշում գտնվող այս բազմաբնակարան շենքերի լուսանկարներն էլ դրա վառ վկայությունն են:
Աննա Բաղդասարյան
Top-News.am