Ծուղակ՝ աջ ղեկով մեքենա ներմուծողների համար
Աջ ղեկով մեքենաների վերաբերյալ Կառավարության առաջարկած տարբերակը ներմուծողներին չի գոհացնում։
Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ներմուծողներին առաջարկում է մեքենաները բերել Հայաստան եւ պարտավորվել 1 տարվա ընթացքում վերասարքավորել եւ սարքել ձախ ղեկ։ Տրամադրվող մեկ տարվա ընթացքում մարդիկ կարող են մեքենան օգտագործել որպես տրանսպորտային միջոց, սակայն, չեն կարող գրանցել այն։
Հայաստանում Autocom Japan ճապոնական ընկերության մասնաճյուղի տնօրեն Արտյոմ Դավթյանը NEWS.am—ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանում մեքենաները ձախ ղեկ սարքում է ընդամենը 1-2 մասնագետ, ինչը նշանակում է՝ մեկ տարին բավարար ժամանակ չէ բոլոր մեքենաները վերասարքավորելու համար։
«Օրինակ, մարդը մասնագիտությամբ բժիշկ է, պետք է գործը թողնի ու զբաղվի մեքենայի ղեկը տեղափոխելով, սա հարմար տարբերակ չէ։ Մյուս կողմից, այն մարդիկ, որոնք չեն կարողանա մեքենան 60 օրում ղեկը տեղափոխել, ստիպված պետք է համաձայնվեն այս տարբերակին։ Բայց մարդիկ կան, որոնք ներկրել են մեքենաներ, որոնց ղեկը հարմար չէ տեղափոխել»,– ասաց Արտյոմ Դավթյանը։
Նա հայտնեց, որ իրենք Կառավարությանն առաջարկել էին թույլ տալ՝ այն մեքենաները, որոնք այս պահին սահմանին կանգնած են, ներկրել Հայաստան, սակայն, չեն համաձայնվել։ Նշենք, որ նախարարությունն առաջարկել է նաեւ մեքենաները ներմուծել ոչ որպես տրանսպորտային միջոց։ Արտյոմ Դավթյանի խոսքով, այս տարբերակը նույնպես ներմուծողներն են առաջարկել եւ համաձայն են։
«Կառավարությունը հակված է հենց առաջին տարբերակին, որ բերենք եւ Հայաստանում ղեկը տեղափոխենք։ Մենք, սակայն, սրան համաձայն չենք, մարդկանց կրկին ծուղակի մեջ են գցում։ Հայաստանում ղեկի տեղափոխման գինը չգիտենք, որովհետեւ ապրիլից հետո մեքենա չի ներկրվել Հայաստան, իսկ Վրաստանում միջինը 500-600 դոլար էր, բայց հիմա արդեն հասել է մինչեւ 1200 դոլարի։ Կան մեքենաներ, որոնց ղեկը տեղափոխելու համար 1700 դոլար են ուզում՝ օգտվելով ստեղծված իրավիճակից»,– ասաց Արտյոմ Դավթյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9–ի դրությամբ սահմանին կանգնած է մոտ 250 մեքենա։ Ներմուծողները պնդում են, որ այդ թիվն առաջիկայում մեծանալու է։