Շքեղ առանձնատան, խանութների ու բնակարանների սեփականատեր. Չինաստանում պատռել են փողոցային մուրացկանի «դիմակը»
Չինաստանի Հանչժոու քաղաքի գնացքի կայարաններից մեկում օրվա մեծ մասը փող մուրացող 79-ամյա կինը, ինչպես անսպասելիորեն բացահայտվել է, իրականում հարուստ կին է, որն ապրում է 5-հարկանի առանձնատանը, ունի մի քանի խանութ ու վարձով տրվող բնակարաններ:
Ինչպես նշում է Oddity Central-ը, կինը լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել, երբ գնացքի կայարանում տեղակայված բարձրախոսներով անցորդներին նախազգուշացրել են չխաբվել «խեղճ» տատիկին ու նրան գումար չտալ:
Լրատվամիջոցներին հաջողվել է գտնել կնոջ որդուն, որն էլ պատմել է, որ իրենք բավական ապահովված են, Չինաստանում ապրող միջին վիճակագրական ընտանիքներից հարուստ:
Տղայի խոսքով՝ ինքը մորը բազմիցս խնդրել է վերջ տալ փող մուրալուն, սակայն ապարդյուն:
«Ես նրան ասել եմ, որ պետք է մտածել պատվի մասին: Բայց նա պնդում է, որ պետք է փողոց գնա ու փող մուրա: Իրականում նա բազմաթիվ մարդկանցից շատ ավելի հարուստ է: Նա տարբեր բանկերում խնայողություններ ունի»,-ասել է տղան:
Նշվում է, որ հուսահատված տղան մոր նկարները տարածել է սոցցանցերում՝ կոչ անելով մարդկանց չհավատալ «մուրացկանին», քանի որ նա իրականում հարուստ է:
Աղբյուրը հավելում է, որ կինն ամեն առավոտ ժամը 10:00-ին գալիս է կայարան ու հեռանում 20:00-ին: Նա օրական մոտ 800 յուան է հավաքում:
Կինը պատմել է, որ պարզապես չի ցանկանում տանը նստել ամբողջ օրն ու փող մուրալու միջոցով գումար է հավաքում իր հանգիստ ծերությունն ապահովելու համար: