Օտարման պրոցեսը հանուն ինչ–որ մեկի է կատարվում. Կենսաքիմիայի ոլորտի գիտաշխատողները բողոքի ցույցի են դուրս եկել
Կառավարության դիմաց այսօր՝ նոյեմբերի 8-ին, բողոքի ակցիա են իրականացնում կենսաքիմիայի ոլորտի գիտաշխատողները։
Նրանք դժգոհում են կառավարության օրակարգում այն որոշման նախագծի դեմ, որով դրվում է ՀՀ ԳԱԱ Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի երկու մասնաշենքը եւ արտադրական մի հատվածը օտարման հարցը։
Աշխատակիցները դժգոհում են, որ ԿԳՆ ու Պետական գույքի կառավարման վարչությունը առանց իրենց կարծիքը հաշվի առնելու հավանություն են տվել այդ որոշման նախագծին։
Նրանք պահանջում են որոշման նախագծի քննարկումն հետաձգել եւ քննարկումներ անցկացնել ոլորտի ներկայացուցիչների հետ։
Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Վիգեն Թոփուզյանը նշում է, որ «մեծաթիվ մարդկանց չի կարելի փոքր տեղում աշխատացնել, դրանով վտանգն է մեծանում, քանի որ քիմիայում որոշակի նորմեր կան, առանց այդ էլ քիմիկոսները ամենօրյա վտանգի ներքո են աշխատում»։
«Օտարման պրոցեսը հանուն ինչ–որ մեկի է կատարվում, որը պետք է գումար ներդնի հանրապետության խնդիրների լուծման համար, ներդրումներին մենք դեմ չենք, սակայն չի կարելի դա անել աշխատող համակարգի հաշվին դա»,–հավելեց կենտրոնի տնօրենը։
Նշենք, որ խոսքը կառավարության նոյեմբերի 8-ի օրակարգի 26-րդ կետի մասին է, որը հանվել է նիստի օրակարգից։