Ադրբեջանում սկսվել է գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը
Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում սկսվել է գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը:
Ինչպես փոխանցում է ադրբեջանական minval.az կայքը, դատը վարում է Գյանջայի առանձնակի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Դադաշ Իմանովը:
ՀՀ քաղաքացի Ղազարյանն Ադրբեջանում մեղադրվում է երկրի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ հասարակական անվտանգության, սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ հանցագործությունների համար: Նշվում է, թե Կարեն Ղազարյանը փորձել է «ահաբեկչություններ իրականացնել» երկրի տարածքում:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանն անհայտ պատճառներով հայտնվել էր ադրբեջանական տարածքում: Ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանին:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, սակայն, հայտնել էր, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։
ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում: