Պաշտոնանկ չի արվել Սերժ Սարգսյանի փեսան
Լյումպեն հասարակությունը և լյումպեն վերնախավը սիրում է մարդկանց ընկալել բարեկամական, կլանային, ցեղախմբային պատկանելիությամբ։
Առավել առաջադեմ հասարակություններում երբեք նման բան չես գտնի։ Ցանկացած գործիչ՝ անհատ է։
Միքայել Մինասյանի մասին խոսելիս, սովորաբար հիշատակվում է «Սերժ Սարգսյանի փեսա» բառակապակցությունը։ Սա մասնավոր հարց չէ և կարծում ենք կարիք ունի ավելի խորքային վերլուծության. սա որպես խնդիր ավելին է, քան մեկ բարեկամական կապը։
Եթե խոսքը գնում է բարեկամական կապերի և ընտանեկան տոհմածառի մասին, ապա Մ. Մինասյանը նախքան Ս. Սարգսյանի փեսա դառնալը, բավական պատկառելի ու հայտնի գենոֆոնդ ունի, ընդ որում, երկու կողմից: Եւ որպես Գ. Հասրաթյանի թոռ և որպես Մինասյանների թոռ (այսինքն՝ 4 կողմից)։ Այնպես որ, եթե շեշտը դնում ենք ընտանեկան կապերի վրա, ինչին մենք դեմ ենք, ապա նախևառաջ պետք է հարցին այդ տեսակետից նայել։
Բայց շատ ավելի կարևոր է անձի անհատական ընկալումը։ Իհարկե, Ս. Սարգսյանի փեսա լինելը Մ. Մինասյանին տվել է ավելի ինտենսիվ և ավելի հեշտ բիզնեսով զբաղվելու հնարավորություն։ Սա անհերքելի փաստ է։ Այնպես, ինչպես նման բարեկակամական կապերը օգնել են հետխորհրդային անցումային երկրների հարյուր հազարավոր մարդկանց. Իսկ մասնավորապես Հայաստանում ՝ շատ շատերին, բոլոր ժամանակներում։
Մ. Մինասյանին մեղադրում են նաև դոմինանտ լրատվական համակարգ ստեղծելու մեջ։ Իհարկե՝ արել է։ Ցանկացած իշխանություն Հայաստանում նման բան արել է և անելու է։ Եթե մյուսների մոտ դա ստացվել է ապաշնորհ, ապա Մինասյանին դրա մեջ չի կարելի մեղադրել։
Այո, Մ. Մինասյանը ստեղծել էր հանրային կարծիք ձևավորող համակարգ, ցանկացած իշխանություն և լուրջ ընդդիմություն նույնը փորձել է և այժմ էլ փորձում է անել։ Եվ շատ-շատերի մոտ ակնհայտորեն չի ստացվել և այժմ էլ չի ստացվում։
Միևնույն ժամանակ, նույն Մ. Մինասյանը ակնհայտորեն անտագոնիզմի մեջ էր լիսկայա-սաշիկական համակարգերին և տեսակին։ Եվ նույնիսկ Սերժ Սարգսյանի իշխանությանը ժամանակ առ ժամանակ փորձում ռեֆորմիստական երանգներ հաղորդել։
Գնահատականները սովորաբար ճաշակի, քաղաքական կոնյուկտուրայի և PR-ի արդյունքն են։ Դրանք ունեն փոխվելու մեծ հակում։ Հրապարակային գործունեության մեջ միակ խնդիրը անհատին անհատապես ընկալելն է։ Իսկ բարեկամական կապերը խիստ ներքին խնդիրներ են, որոնք ունեն իրենց խաղի կանոնները և պարկեշտության նորմերը։
Վահրամ Գևորգյան
Top-News.am