Վրաստանի նախագահի թեկնածուն խոստացել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել
Վրաստանի «Միասնական ազգային շարժում» նախկին իշխող կուսակցության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն մտադիր է ընտրությունների երկրորդ փուլում իր հաղթանակի դեպքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
«Առաջինն, ինչ մենք կանենք, արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելն է: Անպայման անհրաժեշտ է փոխել քաղաքական համակարգը», -INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Վաշաձեն ընտրողների հետ հանդիպմանը Քութայիսում:
Նա հայտարարել է կառավարության փոփոխության և այն «պրոֆեսիոնալներով» համալրելու անհրաժեշտության մասին: Նա նշել է նաև, որ անհրաժեշտ է բարեփոխումներ անել դատական և իրավապաշտպան համակարգերում:
Միևնույն ժամանակ նշվում է, որ Թբիլիսիում կիրակի հասարակության ներկայացուցիչների բազմահազարանոց հանրահավաք է կայացել, որոնք պահանջում են թույլ չտալ «Սաակաշվիլիի ֆաշիստական ռեժիմին» կրկին իշխանության գալ:
Հանրահավաքի մասնակիցները նշել են, որ նոյեմբերի 7-ին Թբիլիսիում մասշտաբային հավաք կանցկացվի՝ ընդդեմ «Միասնական ազգային շարժում» կուսակցության:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Վրաստանում կկայանա դեկտեմբերի 1-ից ոչ ուշ: