«ԼՂ շփման գծում իրավիճակը քիչ, թե շատ կայունացել է». ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շփման գծում, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քիչ, թե շատ կայունացել է, գրում է ria.ru-ն:
«Այսօր ավարտվում է մեր այցը, որի շրջանակում եղել ենք Երևանում, Լեռնային Ղարաբաղում, իսկ հիմա գտնվում ենք Բաքվում: Հանդիպումներ ենք ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի, Ադրբեջանի նախագահի, երկու երկրների պաշտպանության նախարարների հետ, ինչպես նաև շուտով հանդիպելու ենք Ադրբեջանի արտգործանախարարի հետ: Ուշադրության կենտրում ղարաբաղյան գործընթացի հետ կապված հարցերն են: Մասնավորապես՝ քննարկել ենք երկու պետությունների ղեկավարների՝ Դուշանբեում կայացած զրույցները, դրա շրջանակում ձեռքբերված պայմանավորվածություններն ու ներկայում դրանց իրականացումը: Նկատի ունեմ շփման գծում, սահմանին տիրող իրավիճակը, որը քիչ, թե շատ կայունացել է: Խոսել ենք նաև Երևանի ու Բաքվի միջև հաստատված կապի գծի մասին»,- լրագրողներին հայտնել է Պոպովը:
Մինչդեռ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմային՝ նշելով, որ տվյալ հարցի շուրջ լուրջ պայմանավորվածության ձեռքբերումը դժվար թե հնարավոր լինի, քանի դեռ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը չի կայունացել:
«Քանի դեռ ներկայում տեղի ունեցող ներքաղաքական բավական բուռն գործընթացները չեն ավարտվել, դժվար թե հնարավոր լինի ստեղծված ճգնաժամից դուրս գալու ու ղարաբաղյան հակամարտության լիարժեք կարգավորումն ապահովող կոնկրետ տարբերակների լուրջ դիտարկումը»,-ասել է ՌԴ արտգործնախարարը: