Ադրբեջանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը 2017-ին ավելացել է 12 տոկոսով
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը 2017 թվականին ավելացել է 12 տոկոսով՝ հասնելով 2,6 մլրդ դոլարի: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարար Նիյազի Սաֆարովը, գրում է թուրքական haber7.com կայքը:
Նշվում է, որ Բաքվում «Նոր հորիզոններ Թուրքիա-Ադրբեջան տնտեսական համագործակցության համար» խորագրով սիմպոզիումի ժամանակ Սաֆարովն ընդգծել է, որ ներկայում Ադրբեջանում գործում է 3.400 թուրքական ընկերություն, իսկ Թուրքիայում՝ 2400 ադրբեջանական ընկերություն:
Բացի այդ՝ փոխնախարարը նշել է, որ Ադրբեջանը Թուրքիայում 14,5 մլրդ դոլարի տնտեսական ներդրումներ է կատարել, իսկ Թուրքիան Ադրբեջանում՝ 11,8 մլրդ դոլարի, ներդրումների մեծ մասն արվել են նավթային ոլորտում:
Բաքվում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը, սիմպոզիումի ժամանակ ելույթ ունենալով, հայտարարել է, որ Թուրքիան «եղել է և կշարունակի լինել Ադրբեջանի կողքին»՝ շեշտելով, որ Թուրքիան Ադրբեջանում ներդրումներ կատարող առաջատար երկրներից է: