Վարչապետի թեկնածու կառաջադրվի, թե ոչ, հոկտեմբերի 24-ին արտահերթ նիստ պետք է գումարվի
Հոկտեմբերի 23-ի երեկոյան լրանում է վարչապետի հրաժարականի մեկ շաբաթը, և հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովն օրենքի ուժով պետք է արտահերթ նիստ գումարի, նիստը պետք է հրավիրվի ցանկացած դեպքում` անկախ նրանից՝ վարչապետի թեկնածու առաջադրվում է, թե ոչ: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
Նա մնացած ձևակերպումներին չանդրադարձավ, նշելով, որ որպես ՀՀԿ ներկայացուցիչ՝ իր արտահայտած դիրքորոշումներով չի ցանկանում կանխորոշել ինչ-որ վերաբերմունք կամ դիրքորոշում:
«Իրավաբանների մեջ կա որոշակի անհամաձայնություն՝ ինչպես մեկնաբանել Սահմանադրության այն հոդվածը, որը վերաբերում է առաջին փուլից հետո վարչապետի «քվեարկության» եզրույթի մեկնաբանությանը: Ի վերջո, սրա մասին տեղեկացված է կառավարությունը, ի վերջո, ասել են, որ կհանգեն եզրակացության:
Եթե եզրակացության կհանգեն և այդ եզրակացության համապատասխան տարբերակ առաջին՝ կորոշեն Նիկոլ Փաշինյանի թեկնածություն առաջադրել ու հետո ակնկալել, որ կլինի քվեարկություն և նա չի ընտրվի, սա մի տարբերակ է: Երկրորդ տարբերակը, երբ պարզապես որևէ մեկը թեկնածու չի առաջադրի, և Սահմանադրության համապատասխան նորմը կմեկնաբանեն այդկերպ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Հարցին, թե այսինքն՝ երկու դեպքում էլ ՀՀԿ-ն կանի այնպես, ինչպես կառավարությո՞ւնը կանկնկալի, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ ոչ թե իրենք կանեն կառավարության ակնկալիքով, այլ ՀՀԿ անդամները կհետևեն կուսակցության դիրքորոշմանը:
«Անակնկալներ այս տեսանկյունից, այսինքն՝ թեկնածու առաջադրելու տեսքով, բնականաբար, չեն սպասվում և մեկնաբանությունը Սահմանադրականության տիրութում թող որոշի կառավարությունը: Ես չեմ արտահայտի դիրքորոշում, որպեսզի հետո այն չմեկնաբանվի որպես ՀՀԿ-ի դիրքորոշում: Ես ունեմ տեսակետ և առաջիկայում կասեմ իմ տեսակետը, այս պահին կոռեկտ չէ, չեմ մեկնաբանի, թող կառավարությունը որոշի, թե որ տարբերակն է պակաս խոցելի»,-ասաց Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Այսինքն՝ ըստ որոշ իրավաբանների, երկրորդ փուլի հաշվարկը պետք է սկսվի քվեարկությունից հետո: