Էրդողանը Սաուդյան Արաբիայի թագավորին գանգատվել է ստամբուլյան հյուպատոսից
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գանգատվել է Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսի՝ սաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշկջիի անհետացումից հետո արած քայլերից:
Ինչպես գրում է թուրքական artigercek.com կայքը, Էրդողանը նշել է, որ ինքն իր բողոքները փոխանցել է նաև Սաուդյան Արաբիայի թագավորին:
«Ասացի՝ այնպիսի մի հյուպատոս ունեք, որ… Նրա արածները հասկանալն անհնարին է: Օտար մի գործակալության լրագրողին ներս է թողել, բացել դարակներն է ցույց տվել, էլեկտրական լարերը, շատ հապճեպ քայլեր է կատարել»,- ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով Խաշկջիի անհետացումից հետո բրիտանական Reuters գործակալության լրագրողների մուտքը Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն: Այդ ռեպորտաժի ժամանակ հյուպատոսը ցուցադրել էր, որ Խաշկջին ներսում չէ:
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի իրավապահ մարմինները շարունակելու են հետևողական լինել գործի բացահայտման հարցում՝ շեշտելով, որ հետախուզությունը շարունակում է աշխատել:
Հիշեցնենք, որ ի սկզբանե Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունը հերքում էր թուրքական ոստիկանության այն վարկածը, ըստ որի սաուդացի լրագրողը սպանվել է հյուպատոսարանի շենքում: Սաուդյան կողմը պնդում էր, որ Խաշկջին անհետացել է հյուպատոսությունից դուրս գալուց հետո միայն:
Նախօրեին Սաուդյան Արաբիայի պետական հեռուստաալիքը հայտնել է, որ լրագրողը մահացել է հյուպատոսարանի ներսում ծագած վեճի ժամանակ:
Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ, հղում անելով թուրքական ոստիկանության անանուն պաշտոնյաների, գրել էին, որ սաուդացի ընդդիմադիր լրագրողին հյուպատոսության շենքում կտտանքների են ենթարկել, սպանել ու մասնատել մարմինը: Կա վարկած, որ լրագրողի ձեռքին եղած «խելացի» ժամացույցը ձայնագրել է կտտանքները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ The Washington Post-ի սաուդացի թղթակցի հետ պատահածի համար մեղավորներին սպասվում են «շատ ծանր» հետևանքներ: Օրերս Խաշկջիի գործով Սաուդյան Արաբիա և Թուրքիա էր ժամանել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: