Արտահերթ ընտրություններին կհաջորդի եւս մեկ արտահերթ ընտրություն
Խորհրդարանական կառավարման համակարգին գումարում ենք առկա իրողությունները, Հայաստանում ստեղծված իրավիճակը, դրան ավելացնում ենք այն մարտահրավերները, որոնք նետված են մեր երկրին ու շատ պարզ տեսնում ենք, որ դեկտեմբերյան արտահերթ ընտրություններին հաջորդելու են եւս մեկ արտահերթ ընտրություններ:
Իսկ հիմա գրեթե բոլոր քաղաքագետները, վերլուծաբանները կարծում են, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կավարտվեն Նիկոլ Փաշինյանի բացահայտ առավելությամբ, որի արդյունքում կամ հետեւանքով կձեւավորվի գրեթե միակուսակցական խորհրդարան՝ Հայաստանի պատմության բոլոր ժամանակների ամենաանհաջող խորհրդարանը:
Հետաքրքիրն այն է, որ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ առաջիկա երկու ամսում անհնար է թույլ չտալ այս սցենարի իրականացումը: Ամենայն հավանականությամբ, այս փուլի միջով մենք պետք է անցնենք անհրաժեշտաբար: Սա մի փուլ է, որը հետեւանք է նախորդ բոլոր տարիներին իշխանությունների եւ հասարակության թույլ տված սխալների:
Արտահերթ ընտրություններում ձեւավորված այս խորհրդարանը, թեեւ սահմանադրության պարտադրանքին, անգամ երեսուն տոկոսանոց ընդդիմություն չի ունենալու: Այսպես կոչված ընդդիմությունը կրկին սպասարկելու է Նիկոլ Փաշինյանի շահերը: Սա է այսօրվա իրականությունը:
Հիմա ոմանք կշտապեն ասեն, թե նախկինում եւս այսպես էր, եւ որ ընդդիմություն չի եղել: Իրականությունն այն է, որ ընդդիմություն խորհրդարանում միշտ էլ եղել է, եւ այն էլ բավական լավ պատրաստված եւ անզիջում ընդդիմություն: Հարցրեք ՀԱԿ-ին, ԲՀԿ-ին, հենց նույն Նիկոլ Փաշինյանին եւ նրանք ձեզ կասեն ընդդիմություն եղել է, թե ոչ: Իսկ հիմա հասել ենք մի կետի, երբ ՔՊ-ականներն իրար հերթ չտալով ասում են, թե մեր ներսում այնքան մեծ ընդդիմություն կա, որ այլ ընդդիմության կարիք մենք չունենք:
Մեր ամենաանհաջող խորհրդարանը ձեւավորվեց 2017թ. ապրիլին, որտեղ, անկեղծ լինենք, նույնպես ընդդիմություն, մեծ հաշվով, գոյություն չուներ: Լավ, թե՞ վատ տեսան բոլորը: Հիմա մենք, իսկ ավելի ճիշտ կառավարող ուժը գնում է նույն սցենարով: Դժվար չէ կռահել, որ այս դեպքում դեկտեմբերյան արտահերթին որոշ ժամանակ անց հաջորդելու են եւս մեկ արտահերթ ընտրություններ:
Պարզից էլ պարզ է, որ արդեն 2019թ. ապրիլ-մայիսին դեկտեմբերին ընտրված խորհրդարանը չի արտահայտելու հասարակության տրամադրությունները: Իրավիճակն այնպիսին է, որ ամեն օր է փոխվում հասարակության տրամադրություն: Վստահաբար այս փաստը գիտակցում են նաեւ կառավարությունում, ՔՊ-ում, այդ իսկ պատճառով շտապեցին եւ մայիսի փոխարեն նախընտրեցին ընտրություններն անցկացնել ցուրտ դեկտեմբերին:
Մեծ թվով քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, քաղաքական գործիչներ համոզված են, որ պետության շահերից բխում էր, որ ընտրություններն անցկացվեին գարնանը, բայց գործող կառավարությունը նախընտրեց առաջնորդվել իր իսկ շահով: Այս ամենի հետեւանքով կարճաժամկետ կտրվածքում շահելու է ՔՊ-ն եւ նրան արբանյակ դարձած ուժերը, իսկ տուժելու է պետական շահը:
Ի դեպ, դեկտեմբերյան արտահերթից շատ չանցած հասարակության մեծամասնությունն արդեն կհամոզվի, թե արտահերթ ընտրությունների հարցում ինչու էր շտապում վարչապետն ու նրա թիմը:
Հակոբ Ասատրյան
Top-News.am